Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի 2024-ի բյուջեի կատարման հիմնական ցուցանիշները
Հաշվեքննիչ պալատը հանրային սեփականության կառավարման նկատմամբ հաշվեքննություն իրականացնելու համար բյուջեով ճշտած ծրագրով ունեցել է նախատեսված 1 միլիարդ 193 միլիոն դրամի չափով գումար, որի դիմաց օգտագործումը կազմել է 1 միլիարդ 49 միլիոն դրամ կամ օգտագործվել է ծրագրի 88 տոկոսը: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2024 թվականի բյուջեի կատարման հիմնական ցուցանիշները:
Նրա խոսքով՝ ինչպես կարելի էր ենթադրել, հիմնական մասն օգտագործվել է ամենաբարձրարժեք ակտիվի՝ մարդկային կապիտալի համար:
Հաշվեքննիչ պալատում աշխատանքի վարձատրությանը 2024-ի ընթացքում ուղղվել է 861 միլիոն դրամ կամ 82 տոկոսը ընդհանուր ծախսեր:
«Հաշվեքննիչ պալատի համար պահուստային ֆոնդ է նախատեսված եղել 22 միլիոն դրամ, որի դիմաց օգտագործումը կազմել է ընդամենը 18,6 տոկոս կամ 4 միլիոն դրամ է օգտագործվել: Հաշվեքննիչ պալատի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով նախատեսված է եղել 31 միլիոն դրամ, որի դիմաց օգտագործումը կազմել է շուրջ 66 տոկոս»,- հայտնեց Հաշվեքննիչ պալատի նախագահը:
Նա տեղեկացրեց նաև, որ ծրագրով նախատեսված 7 կատարողականի հաշվեքննություններից 4-ն է ավարտվել:
«3-ը տեղափոխվել է հաջորդ ժամանակահատված, այսինքն՝ 2025 թվական: Արդյունքում՝ 41 փաստացի եզրակացություն է հաստատվել 2024-ի ընթացքում»,- ասաց նա:
Ջանջուղազյանը հայտնեց նաև, որ 2024-ի բյուջեի կատարման վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացությունը դեռևս պատրաստ չէ: