շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արտաքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 18մլրդ 653 մլն դրամ

Արտաքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 18մլրդ 653 մլն դրամ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով արտաքին գործերի նախարարության ֆինանսական հատկացումներն ու միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումները: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ Արտաքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 18մլրդ 653 մլն դրամ՝ 2021-ի հաստատված բյուջեի համեմատությամբ ավելի 412 մլն դրամով կամ 2.26 տոկոսով:

Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար բյուջեի նախագծով կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ՝ 2021-ի պետբյուջեով հաստատված 2 մլրդ 197 մլն դրամի փոխարեն: Նախարարի խոսքով՝ աճը կազմել է 4.47 տոկոս: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը նշել է, որ նախարարությունը 2022-ին կիրականացնի 5 ծրագիր՝ 8 միջոցառում: «Արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակում եւ իրականացում» ծրագրով նախատեսվել է 1 մլրդ 953 մլն դրամ:

«Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ» ծրագրի իրականացման համար հատկացվելու է 2 մլրդ 295 մլն դրամ:

«Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայությունների մարմինների գործունեության կազմակերպում եւ իրականացում» ծրագրով նախատեսվել է 13 մլրդ 996 մլն 300 հազար դրամ:

«ՀՀ-ում եւ օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում» ծրագրով նախատեսվել է 183, 6 մլն դրամ: Նշվել է, որ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության ապահովումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը, գերեվարված անձանց վերադարձը:

Վահե Գեւորգյանի հավաստմամբ՝ 2022-ին գերատեսչությունը շարունակելու է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը: Մեր երկիրը գործակցում է 106 միջազգային կազմակերպությունների հետ: Հայաստանը հինգ բարեխիղճ վճարողների թվում է ՄԱԿ-ի ամենամյա անդամավճարները ժամանակին վճարելու գործում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: