ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արտադրական կանեփի օրինական շրջանառության համար սահմանված պահանջների խախտման դեպքում կկիրառվի տուգանք

Արտադրական կանեփի օրինական շրջանառության համար սահմանված պահանջների խախտման դեպքում կկիրառվի տուգանք

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցողի կողմից արտադրական կանեփի փոխանցումը լիցենզիա չունեցող անձին կառաջացնի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 70 կողմ, 4 ձեռնպահ ձայներ:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի վստահեցմամբ՝ այս նախագիծը զսպող մեխանիզմ է հանդիսանալու ոլորտում անբարեխիղճ տնտեսավարողների համար:

Սահմանվում է, որ արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչեւ տասհազարապատիկի չափով: Իսկ արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:

Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվող անձի կողմից քվոտայով նախատեսված սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով: Իսկ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրի պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:

  • Կիսվել: