երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առողջության ապահովագրության փուլային ներդրումը կսկսվի այս տարվա հուլիսից. կլինի ֆիքսված գումար. Ավանեսյան

Առողջության ապահովագրության փուլային ներդրումը կսկսվի այս տարվա հուլիսից. կլինի ֆիքսված գումար. Ավանեսյան

Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենսդրական փաթեթը այս պահին գտնվում է կառավարությունում. «Հույս ունենք, որ առաջիկայում կառավարությունը կընդունի օրենսդրական փաթեթը եւ կգնա ԱԺ: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Անդրադառնալով այդ փաստաթղթում ներդրված սկզբունքներին, նախարարն ասաց. «Մենք սահմանեցինք, որ կունենանք փուլային ներդրում եւ արդեն 2027-ին կունենանք ամբողջական ներդրում: Հաջորդ կետը ապահովագրական փաթեթի մասով է: Այն կլինի ֆիքսված գումար, բայց որպեսզի մեղմենք այս ծախսը մեր քաղաքացիների համար, որոնք միջին աշխատավարձից ցածր են ստանում, պետությունը կգործարկի սուբսիդավորման ճկուն համակարգ: Այդ շեմից ցածր ստացողների համար կգործի 30, 40, 50 տոկոսի սուբսիդավորման մեխանիզմը:

Բացի այդ, ստեղծվելու է պետական ապահովագրական հիմնադրամ: Սա ամենաօպտիմալ տարբերակն է, որ բոլորիս ապահովագրական ռիսկերը մեկտեղվեն, եւ դրա արդյունքում ունենանք ավելի մատչելի ապահովագրական  փաթեթի արժեք:

Ներդրման փուլերը սկսվելու են 2024-ի հուլիսից, եւ ամեն տարի կընդլայնվի թե շահառուների խումբը, թե գործարկման բոլոր կտորները: 2027-ին այն պարտադիր կլինի բոլոր քաղաքացիների համար»,-ասաց նախարարը: 

Ավանեսյանը մանրամասնեց, որ այս տարվա հուլիսից առողջապահական փաթեթը կգործարկվի այն անձանց հմար, որոնք այսօր պետական պատվերի շահառու են՝ մասնավորապես մինչեւ 18 տարեկան երեխաները, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք են կամ ֆունկցիոնալության այդ աստիճաններն ունեցող քաղաքացիները: «Նրանց համար պետական պատվերը կդառնա ապահովագրական փաթեթ: 2025-ին պլանավորվում է, որ կենսաթոշակային տարիքի  հասած քաղաքացիները կապահովագրվեն եւ սոցփաթեթի շահառուները: տարեցտարի կմիանան պետական ֆորմալ աշխատանք ունեցողները եւ 2027-ին պարտադիր կդառնա բոլորի համար:

Ապահովագրական փաթեթի գինը մեր հաշվարկներով կազմելու է մինչեւ 200 հազար դրամ տարեկան: Ըստ փուլերի վերջնական արժեքը հասանելի կլինի»,-ասաց նա:

Ավանեսյանի խոսքով, այդ փաթեթը ներառելու է հստակ շրջանակ. «Մենք ներառելու ենք այն ցանկը, որը հասանելի է լինելու մեր քաղաքացիների համար, որ տարընթերցումների տեղիք չտա: Փաթեթը իր բացվածքով բոլոր քաղաքացիներին հասանելի կլինեն»:

  • Կիսվել: