կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայկական տնտեսությունը 2024թ. կարող է արձանագրել 7% և ավելի աճ․ Արամ Սաֆարյան

Հայկական տնտեսությունը 2024թ. կարող է արձանագրել 7% և ավելի աճ․ Արամ Սաֆարյան

Եվրասիական փորձագիտական ակումբը տասներորդ անգամ անընդմեջ ամենամյա տնտեսագիտական հետազոտություն է իրականացրել Հայաստանի տնտեսության վիճակի մասին ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամության համատեքստում:

«Միանգամից նշենք, որ մեր առաջատար մասնագետների (պրոֆ. Թաթուլ Մանասերյանի և պրոֆ. Աշոտ Թավադյանի) կանխատեսումները տնտեսական ակտվության ցուցանիշի աճի մասին վերջին երկու տարում արդարացել են ամբողջովին և դա օգնում է մեզ շարունակել մեր հետազոտությունները և կանխատեսումներ անել մեր երկրի օգուտների և շահի մասին եվրասիական ինտեգրացիոն գործընթացին մասնակցությունից»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

Ըստ նրա՝ 2023 թ. Հայաստանի տնտեսությունը ցույց է տվել զարգացման շատ բարձր տեմպեր: Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ ԵԱՏՄ-ում առաջատարն է երեկրի տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշների գծով: Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության աճ 9,4%-ով: Համախառն ներքին արդյունքը աճել է 8,5%-ով: Հայաստանը դարձել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մեծ տարածաշրջանում բացարձակ առաջատար վենչուրային ներդրումների ներգրավվման գծով: Տարվա ընթացքում արդյունաբերական արտադրության ծավալը աճել է 4,1%-ով, շինարարության ծավալները մեծացել են 14,8%-ով: Ներքին առևտրի շրջանառությունը աճել է 25,7%: Ծառայությունների ոլորտի ծավալը աճել է 10,3%: «Կարևոր է նշել, որ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը կրճատվել է 0,3%-ով և դա այն դեպքում, երբ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները շարունակում են աճել: Ակնհայտ է, որ հարկավոր են պետության աջակցության լրացուցիչ միջոցներ, որպեսզի Հայաստանի գյուղատնտեսությունը դրվի կայուն, առաջանցիկ զարգացման ուղու վրա»,- ընդգծեց վերլուծաբանը:

Ըստ նրա՝ նշանակալից ծավալներով մեծացել են մեր երկրի արտահանումն ու ներկրումը, արտաքին առևտրաշրջանառությունը: Արտահանումը աճել է 55,3%-ով: Ներկրումն աճել է 40,2%-ով: Վերջին երկու տարում Հայաստանի արտահանումն աճել է 2,8 անգամ, իսկ ներկրումն աճել է 2,3 անգամ:

«Ռուսաստանին է բաժին ընկնում հայկական արտահանման 40,6%: Եթե մինչև 2020թ. մեր երկրի արտահանման գլխավոր ապրանքը կոնյակն էր, ապա այժմ արտահանումը շատ ավելի դիվերսիֆիկացված է: Հետաքրքիր է, որ Հայաստանի արտահանման 34,4% այս տարի բաժին է ընկել Արաբական միացյալ էմիրություններին և Հոնկոնգին: Վերջին երկու տարում տեղի է ունեցել այդ երկու ուղղությամբ արտահանման 35-անգամյա աճ: Սա հնարավոր է դարձել Ռուսաստանից ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանման հաշվին: Դեպի Ռուսաստան արտահանվում է գլխավորապես պատրաստի արտադրանք, որը արտադրված է մեր երկրում: Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում կառավարության և բիզնես հատվածի համատեղ ջանքերով իրականացվեն միջոցառումներ արդյունաբերական ներուժի հզորացման ուղղությամբ, ինչը կողմնորոշված կլինի դեպի արտահանում, առաջին հերթին ԵԱՏՄ ուղղությամբ: Անցյալ տնտեսական տարին ցույց տվեց, որ արտաքին առևտրական շրջանառության տպավորիչ աճը մեծապես պայմանավորված է դեպի Ռուսաստան հեռախոսների, ավտոմեքենաների, տեխնիկայի և սարքավորումների և վերաարտահանմամբ, և հետո միայն քիմիական արտադրանքի, պլասմասաների, ապակու, ագրոարդյունաբերական արտադրանքի և հայկական արտադրության այլ ապրանքների արտահանմամբ: Հասկանալի է, որ սա արդյունք է գլոբալ անկայուն քաղաքական-տնտեսական վիճակի և սրա հետ հույս կապել երկարաժամկետ կտրվածքով չարժե: Սակայն կան ռուսական և արևմտյան փորձագիտական եզրակացություններ այն մասին, որ միջնաժամկետ հեռանկարում գլոբալ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները չեն փոխվելու և մոտակա 2-3 տարին առկա իրավիճակը կպահպանվի: Դա մի ժամանակ է, որ հայկական բիզնեսը, մի կողմից, հարմարվի առկա գլոբալ և տարածաշրջանային իրողություններին, իսկ մյուս կողմից, օգտագործի այդ հնարավորությունը սեփական արտահանման ներուժի մեծացման համար, առաջին հերթին, պատրաստի արտադրանքի արտադրության»,- վերլուծեց փորձագետը:

Նա նկատեց, որ 2023թ. Ռուսաստանը ցույց է տվել տնտեսական ակտիվության 3,5%-անոց աճ: Աշխարհի առաջատար վարկանիշային գործակալությունների կանխատեսմամբ Ռուսաստանի տնտեսությունը 2024թ. կաճի ևս 2,5%-ով: «Սա նշանակում է, որ ռուսաստանյան շուկան շարունակելու է մնալ չափազանց գրավիչ բարեկամ երկրների բիզնեսի համար: Հայկական տնտեսությունը, հույս դնելով սեփական արտահանման ներուժը զարգացնելու վրա, մեծացնելով զբոսաշրջությունը և այլ ոլորտներ ու գործոններ, կարող է արձանագրել 2024թ. 7% և ավելի աճ»,- փաստեց Սաֆարյանը:

Նա նաև նկատեց, որ Հայաստան ուղարկվող ուղիղ տրանսֆերտների 67% 2023 թ. եղել է Ռուսաստանից և միայն 12% ԱՄՆ-ից: «Միաժամանակ կարևոր է հասկանալ, որ անցած տարվա երկրորդ կեսին մուտք գործող տրանսֆերտների ծավալը շեշտակիորեն պակասել է և դա թույլ է տալիս կանխատեսում անել այն մասին, որ 2024թ. տրանսֆերտների ծավալը կարող է նվազել մինչև 15%»,- արձանագրեց փորձագետը:

Ըստ նրա՝ շատ դինամիկ զարգացում է ապրում Հայաստանի զբոսաշրջային ոլորտը: 2,3 մլն. արտասահմանյան զբոսաշրջիկների 50% Ռուսաստանի քաղաքացիներ են: «Պետք է նշել, որ 2024թ. զբոսաշրջության ծավալները կարող են էլ ավելի մեծանալ: Զբոսաշրջիկների զանգվածային հոսքի նոր ուղղություններ են յուրացվում Հնդկաստանից, Չինաստանից, Ֆիլիպիններից, Հարավային Կորեայից և Մեծ Եվրասիայի որոշ այլ երկրներից»,- նկատեց նա:

Միևնույն ժամանակ, ըստ Սաֆարյանի, տարվա ընթացքում նկատվել է արտահանման և ներկրման կառուցվածքի վատթարացում։

«ԵԱՏՄ երկրների փորձագիտական մշակումները թույլ են տալիս հաստատել, որ եվրասիական հնգյակի երկրների արտաքին առևտրական շրջանառությունը կշարունակի աճել 2025թ. առաջին կեսին: Այնուհետև կանխատեսվում է այդ ցուցանիշների որոշ անկում: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ 2023թ. հայ-ռուսական տնտեսական զարգացումը անվիճելիորեն և ակնհայտորեն փաստարկ է հանդիսանում հայ-ռուսական համագործակցության զարգացման համար բոլոր ոլորտներում: Հայկական արտահանման հետագա դիվերսիֆիկացումը, այդ գործընթացում նոր գործընկերների ընդգրկումը չի կարող փոխարինել տեսանելի հեռանկարում Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ-երկրների հետ համագործակցությանը»,- ընդգծեց Սաֆարյանը:

Եվրասիական փորձագիտական ակումբը ծրագրում է մինչև աշուն հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակել «Հայաստանը և Մեծ եվրասիական գործընկերությունը» գիրքը Երևանի պետական համալսարանի և Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի համատեղ ջանքերով:

«Գիտական հոդվածների այդ ժողովածուում հայ և ռուսաստանցի մասնագետները կվերլուծեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ժամանակակից վիճակը և կկանխատեսեն նրա տեսանելի հեռանկարները: Երկրորդ կիսամյակում մենք ծրագրում ենք նաև Երևանի պետական համալսարանում անցկացնել արդեն երկրորդ միջազգային կոնֆերանս Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից և Ղրղզստանից ժամանած առաջատար գիտնականների և փորձագետների և մեր երկրի հայտնի մասնագետների մասնակցությամբ: Այս կոնֆերանսը կդառնա Հայաստանի գիտական կյանքում նշանակալից իրադարձություն: Եվ վերջում կուզենայինք ընդգծել, որ մենք պատրաստվում ենք Եվրասիական փորձագիտական ակումբի հաջորդ մամուլի ասուլիսին այս տարվա օգօստոսին, որտեղ կանենք ավելի հիմնավոր կանխատեսումներ 2024թ. հայկական տնտեսության զարգացման վերաբերյալ»,- եզրափակեց Սաֆարյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: