երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՌՖԻ-ն պատրաստ է ընդունել ներդրումներ. ընկերության հարթակում տեղ են գտել առաջին երկու բիզնես նախագծերը

ԱՌՖԻ-ն պատրաստ է ընդունել ներդրումներ. ընկերության հարթակում տեղ են գտել առաջին երկու բիզնես նախագծերը

 Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն, արդեն պատրաստ է  ընդունել ներդրումներ. ընկերության հարթակում տեղ են գտել առաջին երկու բիզնես նախագծերը, որոնցով հետաքրքրվածները կարող են կատարել իրենց ներդրումները։ Բիզնես նախագծերի ցանկը գնալով ընդլայնվում է:

ԱՌՖԻ ներդրումային ընկերության  տնօրեն էդգար Էվոյանի խոսքով՝  հարթակն էլեկտրոնային միջավայրում ներդրումներ ներգրավելու գործիք է, որն այժմ լայն հնարավորություն է ստեղծել լոկալ բիզնեսներին ֆինանսավորում գտնելու համար։ Պոտենցիալ ունեցող հայկական նախագծերում մմասնակցություն կարող են ունենալ ներդրողներ ամբողջ աշխարհից։

«Արմենպրես» հետ զրույցում Էվոյանն ընդգծեց, որ  արդեն ստացել են մեծաքանակ հայտեր հարթակում ընդգրկվել ցանկացող ընկերություններից: Դրան զուգահեռ ԱՌՖԻ-ի թիմն աշխատում է պոտենցիալ ներդրողների շրջանակը ընդլայնելու համար։

«Մենք այժմ աշխատում ենք ճիշտ թիրախները ընտրելու ուղղությամբ: Այժմ նաև հավաքում ենք  կարծիքներ, թե ինչ դժվարություններ կան կայքից օգտվելու առումով և, դրանից ելնելով, ամեն ինչ անում ենք, որպեսզի հաղթահարենք եղած  տեխնիկական խնդիրները»,- ասաց Էվոյանը:

Հարթակում արդեն իսկ ընդգրկված ընկերություններից մեկը հեռահաղորդակցության ոլորտի նորարար ապրանքների մատակարար «Պլանետ Ֆայբեր»-ն է։ Ընկերությունը համարում է, որ ԱՌՖԻ հարթակը ընդլայնվելու և զարգանալու լավ  հնարավորություններ ունի:

Ընկերության տնօրեն Արմեն Հայրապետյանի խոսքով՝ հարթակը նաև մեծ լսարան ձեռք բերելու հնարավորություն կտա:

Հարթակում ներգրավված լոգիստիկ ընկերություններից մեկը՝ «Բարեկամ»-ը, շուկայում է արդեն ավելի քան  7 տարի:

«Ամբողջ աշխարհում մեր ծառայությունների պահանջարկի մեծացման արդյունքում որոշեցինք  դիմել ԱՌՖԻ-ին, որպեսզի կարողանաք ընդլայնվել և ավելի որակյալ ծառայություններ մատուցել»,- նշեց  «Բարեկամ» լոգիստիկ ընկերություն հիմնադիր Նարեկ Մկրտչյանը:

Ընկերությունների ներկայացուցիչներն ընդգծեցին՝ սա նաև լավ հնարավորություն է թեկուզ փոքր ներդրում անելով՝ դառնալ սիրելի բիզնեսի մի մասը:

  • Կիսվել: