հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախցիների մոտ 3 միլիարդ վարկային պարտավորություններ ներվել են

Արցախցիների մոտ 3 միլիարդ վարկային պարտավորություններ ներվել են

Գյուղական համայնքներում, որոնք ունեն ավելի շատ բնակիչների սպասարկելու հնարավորություն ունեցող ենթակառուցվածքներ, նոր բնակելի տներ կբացվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Կառուցվել է մի քանի հարյուր կացարան, ընդհանուր նախագիծը երեք տարվա համար է։ Կան գյուղեր, որոնց ենթակառուցվածքները թույլ են տալիս բնակելի տները մեծացնել, այսինքն՝ այդ գյուղի բնակչությունը վերաբնակվելու է առկա մի գյուղում նաև հաշվի են առնվել տվյալ գյուղի բնակչության կարծիքը։ Նաև Արցախի քաղաքացիների բոլոր սոցիալական պարտավորությունները պատշաճ կատարվում են»,- նշեց Առաքելյանը։

Հարցին՝ կա սկզբունք, որ քաղաքում տուն կորցրած մարդը քաղաքում պետք է տուն ստանա, նախարարը պատասխանեց, որ նախագծում հենց այդ սկզբունքն է որդեգրված։

Նախարարի խոսքով՝ այս պահին պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը գրեթե ավարտվել է։

Մեսրոպ Առաքելյանի հայտնած տվյալներով՝ արցախցիների մոտ 3 միլիարդ վարկային պարտավորություններ ներվել են վարկային և բանկային կազմակերպությունների կողմից։

«Իհարկե, չեմ բացառում, որ հնարավոր է որոշակի թերացումներ լինեն, այդ թերացումների հիմքում հնարավոր է ընկած լինի տեղեկատվության բացակայությունը՝ թեև ՊՆ կենտրոնական բանկի միջոցով փոխանցել է զոհված և վիրավորում ստացած զինծառայողների տվյալները։ Համակարգային առումով գլոբալ խնդիր չկա»,- հավելեց Մեսրոպ Առաքելյանը։

  • Կիսվել: