երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Առաջիկայում ունենալու ենք բանկային համակարգի հարկման վերաբերյալ նախաձեռնություն. Թունյանի բանկերի գերշահույթների մասին

Առաջիկայում ունենալու ենք բանկային համակարգի հարկման վերաբերյալ նախաձեռնություն. Թունյանի բանկերի գերշահույթների մասին

Անկանխիկ առևտրի դեպքում քաղաքացիներին 2 % քեշբեք տալու հիմնական նպատակներից մեկը թափանցիկության ավելացումն ու ստվերի կրճատումն է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

Դիտարկմանը, ինչու քեշբեք չի տրվում նաև կոմունալ ծառայությունների կամ ֆինանսական պարտավորությունների վճարման դեպքում, նա պարզաբանեց. «Եթե քաղաքացին քարտով է առևտուր անում սուպերմարկետից կամ խանութից, դա նշանակում է, որ այդ առևտուրը գրանցված է, տեսանելի է, դրա համար հարկեր են վճարվում, այդ վճարված հարկերը արդեն պետական բյուջեի հնարավորություններն էլ են ավելացնում։

Կոմունալ ծառայությունների դեպքում, կամ ասենք ֆինանսական գործարքների դեպքում ստվերի խնդիր չունենք և այդ առումով այդ նպատակը դրանց միջից բացառվել է։ Ամբողջ առևտրի 2% նշանակում է, որ այնտեղ ավելի քիչ կլինի որովհետև ամբողջ փողը չի գնում միայն մանրածախ առևտրի վրա»։

Անդրադառնալով նրան, որ ԿԲ նախագահը նախօրեին հայտարարեց, որ բանկային քարտերով կատարվող առևտրի միջնորդավճարների նվազման մասին, Թունյանն ասաց. «Եթե, օրինակ, դուք քարտով առևտուր էիք անում, ապա բանկը այդ առևտրի կետից, այդ առևտրի համար գանձում է լրացուցիչ, ասենք, 1–2–3 տոկոս՝ կախված քարտի տեսակից ու դա փաստացի հատկապես փոքր բիզնեսի համար լրացուցիչ ծախս էր։ Հիմա որոշում է կայացվել, որպեսզի այդ միջնորդավճարները գրեթե կիսով չափ կրճատվեն և այդ բեռը, որը որ տնտեսվարողը կրում էր, կիսով չափ կկրճատվի։

Դրա արդյունքում երկու միլիարդ դրամ վնասը, որը գեներացվում է, բանկային համակարգը վերցրել է իր վրա։ Կարծում եմ, որ իրենց նախորդ տարիներին ունեցած շահույթը  թույլ կտա վերցնել ու ծածկել այդ վնասը։ Բնականաբար, իրենք պարտավոր չէին դա անել, բայց ամեն դեպքում շնորհակալ ենք գործընկերային մոտեցման համար»։

Խքոսելով այն մասին, որ բանկային ծառայությունների գները բավական բարձր են և բանկերը գերշահույթներ են ստանում, ԱԺ հանձնաժողովի փոխնախագահն ասաց. «Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ Հայաստանում կա բանկերի բավականին մեծ թիվ, կա մրցակցություն և այդ մրցակցությունը պիտի ստիպեր, եթե ինչ-որ չհիմնավորված բարձր սակագների լինեին, այդ սակագները իջնեին մրցակցության արդյունքում։ Բայց նաև ուզում եմ ասել, որ առաջիկայում մենք ունենալու ենք բանկային համակարգի հարկման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն։ Այդ մասին ավելի մանրամասն, որ ներկայացվի, կխոսենք»։

  • Կիսվել: