հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Առաջիկա հինգ տարվա ընթացքում Գյումրիում կլուծվի տնակների խնդիրը. փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան

Առաջիկա հինգ տարվա ընթացքում Գյումրիում կլուծվի տնակների խնդիրը. փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան

Աղետից 34 տարի անց Գյումրիում կան երկրաշարժը հիշեցնող վերքեր, և Կառավարությունը պարտավոր  է անել ամեն ինչ, որ այդ վերքերը մոռացվեն: Դեկտեմբերի 7-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց  ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

Փոխվարչապետը նշեց, որ ընտանիքների՝ երկրաշարժի հետևանքով անօթևան լինելու հարցը հիմնականում կարելի է լուծված համարել:

Անդրադառնալով Գյումրիում առկա  տնակներին՝ փոխվարչապետն առանձնացրեց ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից շրջանառվող փաստաթուղթը, ըստ որի՝ այդ տնակներն ապամոնտաժվելու են: 

«Ֆիքսում ենք աշխատանքային քարտեզ, որ գալիք 5 տարվա ընթացքում Գյումրիում պետք է լուծենք ոչ հիմնական շինությունների և տնակների հարցը: Ցավոք սրտի, քաղաքում դեռ շատ տնակներ կան, և ոչ բոլոր տնակներում բնակվող քաղաքացիներն են համարվում երկրաշարժի հետևանքով տուժածներ»,-նշեց փոխվարչապետը, տեղեկացնելով, որ ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարվանից և առաջիկա հինգ տարիների ընթացքում կլուծվի տնակների և ժամանակավոր կացարանների հարցը:

Ծրագիրն իրականացվելու է փուլային տարբերակով. նախ՝ այն տնակների համար, որոնք համայնքային և պետական նշանակության հողամասերի վրա են: Տնակներում բնակվող տարբեր խմբերի համար այս հարցի լուծումը լինելու է տարբեր՝ բնակարանի գնման վկայագիր ծրագրով, կամ ֆինանսական աջակցության:

Խոսելով վթարային բնակելիների մասին՝ փոխվարչապետը տեղեկացրեց, որ հիմնական աշխատանքները կմեկնարկեն 2024 թվականին և 2026 թվականին ամբողջ Հանրապետությունում վթարային շենքերի 70 տոկոսի խնդիրը լուծված պետք է լինի: Ըստ փոխվարչապետի՝ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

  • Կիսվել: