երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Առաջարկվում է մինչև 2024 թ. օգոստոսի 31-ը երկարաձգել ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև կնքված վարկային համաձայնագիրը

Առաջարկվում է մինչև 2024 թ. օգոստոսի 31-ը երկարաձգել ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև կնքված վարկային համաձայնագիրը

Խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում և վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
 
ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հայտնեց՝ նախագծի շրջանակում իրականացվել է Մ6 միջպետական նշանակության ճանապարհի շուրջ 51 կմ երկարությամբ Վանաձոր-Բագրատաշեն հատվածի վերակառուցումը բարելավված ճանապարհային ծածկույթով, անվտանգության ապահովման մի շարք միջոցառումներով:
 
«Շինարարական աշխատանքներն ավարտել ենք 2023-ին, իսկ վերականգնված ճանապարհը շահագործման է հանձնվել 2024 թվականին: Ծրագրում առկա խնայողության միջոցների հաշվին ներառել ենք նաև լրացուցիչ բաղադրիչ՝ դա Դիլիջանի և Պուշկինի ավտոճանապարհային թունելների հիմնանորոգման, արդիականացման նախագծային աշխատանքների պատվիրումն էր. Ուզում ենք մինչև 2024-ի օգոստոսի 31-ը երկարաձգել վարկային համաձայնագիրը, որը հնարավորություն կտա պատշաճ ապահովել ամփոփման ավարտական գործընթացը»,- հայտնեց Ղալեչյանը:
 
Նրա խոսքով՝ ունենք նաև չբաշխված գումարներ՝ 2 միլիոն 850 հազար եվրո, որը հնարավորություն կտա շարունակել նախագծային աշխատանքները ու ավարտելու դրանք, ինչպես նաև կատարելու պայմանագրերով ստանձնած պարտավորություններով: 
 
Ղալեչյանը խնդրեց վավերացնել նամակ-համաձայնագիրը:

Նամակ-համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրը, երբ բանկը ստանա վարկառուի գրավոր ծանուցումը՝ վերջինիս ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր ներքին ընթացակարգերի ավարտի վերաբերյալ:

Հայաստանի և ԱԶԲ-ի միջև կնքված վարկային համաձայնագրի համաձայն՝ վարկի փակման ժամկետը 2023 թ. դեկտեմբերի 31-ն է:

  • Կիսվել: