Ապրիլի 1-ից կանխիկ կենսաթոշակ չի լինելու. նախարարը թոշակառուներին հորդորում է մինչև մարտի 5-ը ձեռք բերել քարտեր
Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ համապատասխան օրենքն ընդունվել է դեռ դեկտեմբերին, իսկ կառավարության որոշումներով այժմ կարգավորվում է ամբողջ գործընթացը։
«Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները վճարվելու են անկանխիկ եղանակով։ Մինչև մարտի 5-ը խնդրում ենք մեր բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին ինքնուրույն ընտրել բանկը և ստանալ բանկային քարտ»,-ասաց Թորոսյանը։
Նա նշեց, որ եթե մինչև մարտի 5-ը քաղաքացիները ինքնուրույն ընտրություն չկատարեն, բանկը կընտրվի ավտոմատ եղանակով՝ համակարգի միջոցով, պատահականության սկզբունքով։
«Եթե ընտրությունը կատարվի ավտոմատ, ապա մինչև ապրիլի 1-ը հնարավոր չի լինելու փոխել վճարող բանկը, որպեսզի ապահովենք սահուն անցումը»,-ընդգծեց նախարարը։
Թորոսյանի տվյալներով՝ դեկտեմբերի սկզբին մոտ 50 հազար քաղաքացի կենսաթոշակ կամ նպաստ էր ստանում կանխիկ եղանակով, մինչդեռ ներկայումս այդ թիվը նվազել է մինչև 21 հազար 539։
«Մոտ 30 հազար քաղաքացի արդեն ինքնուրույն անցել է անկանխիկի դաշտ, և օրական ևս 1000-1500 քաղաքացի շարունակում է անցնել»,-նշեց նա։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե քանի քաղաքացի անձնագիր չունի։
«Անուն-ազգանունով գիտենք, թե ովքեր անձնագիր չունեն։ Խոսքը 2500 մարդու մասին է, որոնք այն չունեն, որովհետև նախկինում կարիք չեն ունեցել որևէ ծառայությունից օգտվելու և իրենց կանխիկ կենսաթոշակը ստացել են։ Բայց հիմա այդ անհրաժեշտությունը առաջացել է։ Արդեն շատերի հարցը կազմակերպել ենք, և անձնակազմը զբաղվում է դրանով, որպեսզի ապրիլի 1-ից որևէ մեկը իրավունքից չզրկվի», - ասաց նա։
Հույս հայտնեց, որ մինչև մարտի 5-ը այդ թիվը կնվազի մինչև 10 000․«Չեմ բացառում՝ հատուկ դեպքեր լինեն, բայց միևնույն է՝ չեն զրկվի իրենց կենսաթոշակից»։
ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում են. «Կծածկենք այդ հարցը»։
Նախարարությունը նախատեսում է սուրհանդակային ծառայությամբ բանկային քարտերը հասցնել այն քաղաքացիներին, որոնք օբյեկտիվորեն չեն կարող ինքնուրույն գնալ բանկ։ Նախնական ցանկում ընդգրկվելու են 85 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև 75-85 տարեկան ծանր սահմանափակումներ ունեցող քաղաքացիները։
Թորոսյանը նաև ներկայացրեց անկանխիկ վճարումների հետվճարի ծրագրի տվյալները։ Նրա խոսքով՝ հունվարին արդեն 445 հազար 228 քաղաքացի օգտվել է ծրագրից, ինչը շուրջ 15 հազարով ավելի է դեկտեմբերի համեմատ։
Հունվարին քաղաքացիներին վերադարձվել է 2.9 միլիարդ դրամ՝ նախորդ ամսվա 1.8 միլիարդի դիմաց։ Միջին հետվճարը կազմել է մոտ 7000 դրամ, իսկ առավելագույն շեմը սահմանված է 10 հազար դրամ՝ 20 տոկոսի չափով։


