երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Անկանխիկ գնումների դեպքում թոշակառուների հետվճարը կդառնա 20 տոկոս՝ 6000-ից հասնելով 10 000 դրամի

Անկանխիկ գնումների դեպքում թոշակառուների հետվճարը կդառնա 20 տոկոս՝ 6000-ից հասնելով 10 000 դրամի

Առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12 տոկոսն ավելացնել և սահմանել 20 տոկոս՝ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնելով 10000 դրամ, իսկ միջոցառման իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 27–ին, կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։

Հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարողների կենսաթոշակների չափը 2026 թվականին կավելանա 3000-4000 դրամով։ Այդ նպատակի համար հարկ կլինի 2026 թվականին լրացուցիչ հատկացնել շուրջ 14 մլրդ դրամ:

«Միայն 2025-ի հոկտեմբերի տվյալների համաձայն՝ հետևյալ պատկերն ունենք. ծրագրի շահառուների թիվը 366 հազար 432 է, աճը նախորդ ամսվա համեմատությամբ 3,6 տոկոս է, այսինքն՝ մենք տեսնում ենք աճի տենդենց:

Անկանխիկ գործարքների հանրագումարը 14 մլրդ 768 մլն դրամ է, աճը՝ 6,9 տոկոս: Շահառուից ստացած հետվճարի միջին չափը 4157 դրամ է, աճը՝ 2,8 տոկոս, ստացված հետվճարի ծավալը 1 մլրդ 523 մլն դրամ է, աճը՝ 6,5 տոկոս»,- ասաց նախարարը՝ նշելով, որ խոսքը հոկտեմբերի տվյալների մասին է:

Ըստ Թորոսյանի՝ նոյեմբերի ցուցակներով կենսաթոշակ և նպաստ ստացող շահառուների թիվը կազմել է 661 հազար 811, որից 600 հազար 126-ը կենսաթոշակը կամ նպաստը ստանում են անկանխիկ եղանակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ըստ էության, խոսում ենք կենսաթոշակի հերթական ավելացման մասին. «Ինչպես նախկինում առիթ ունեցել եմ ասելու, մենք մեր որոշումների դիտանկյունները փոխում ենք, որովհետև մենք մեր որոշումները պետք է կայացնենք այնպես, որ նրանք լրացուցիչ և հարակից էֆեկտներ ունենան»:

  • Կիսվել: