«ԱՆԻՖ-ի գծով մսխվել է 10 մլրդ դրամ». Երեւանի ավագանու նիստին իրավիճակը լարվեց
Պարոն Ավինյան, դուք արդեն մեկ տարի է՝ ֆորմալ առումով զբաղեցնում եք քաղաքապետի պաշտոնը. Որ ոլորտում դուք գործունեություն եք ծավալել, քրեական գործերի ուրվականներն ուղեկցում են ձեզ: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
«10 մլրդ դրամ մսխվել է ԱՆԻՖ-ի գծով, կա քրեական գործ, մեղադրյալ չկա, քովիդի հետ կապված կան քրեական գործեր, մեղադրյալ չկա: Քաղաքապետարանի հետ կապված էլ կան տարբեր քրեական գործեր, մեղադրյալներ չկան»,-ասաց նա:
Ավինյանն ընդհատեց ելույթը եւ ասաց. «Մի րոպե, հանգիստ, հանգիստ: Ուրեմն մենք ունենք ավագանու նիստից դուրս ֆորմատներ, որտեղ դուք կարող եք նմանատիպ ելույթով հանդես գալ եւ ասել այն, ինչ հիմա ուզում եք ասել: Բայց օրակարգի քննարկման ժամանակ օրակարգի հարցին վերաբերող պետք է լինի եւ հարցը, եւ ելույթը»:
Այս խոսքից հետո իրավիճակը մի փոքր լարվեց, տեղից հնչեցին ռեպլիկներ, ինչին քաղաքապետն արձագանքեց. «Հանգիստ, ժողովուրդ ջան, խնդրում եմ՝ իրար նկատմամբ հարգանքով: Հարգելի գործընկերներ, սա տգեղ է»:
Մանուկ Սուքիասյանը շարունակեց. «Ձեր մատնացույց արած ֆորմատները հարցուպատասխաններ են, իսկ քանի որ այս նիստին մտքերի փոխանակումներ չկան, դրա համար հատուկ շեշտեցի, որ հարկադրված եմ խոսելայդ հարցերի վերաբերյալ այս ֆորմատով: Մնացած հարցերը, որոնք վերաբերում են կոռուպցիոն դրսեւորումներին, հովանավորչություններին, եթե դուք դրանք դարձնեիք զեկուցվող, ես դրա շրջանակում կխոսեի:
Տպավորություն է, որ կամ մեր իրավապահ համակարգը պարանոյայով է տառապում, ուղղակի հենց այնպես քրեական գործեր են հարուցում ու այդպես էլ մեղադրյալ չկա, կամ էլ իրականում հանցակազմը լավ էլ երեւում է, բայց փաստացի գործ ունենք գործերի անարդյունավետ շրունակելու հետ: Էլ չեմ խոսում քաղաքի կեղտաջրերի հեռացման համակարգի հետ: Որ ուղղությամբ նայում ես՝ վրիպումներ, բացթողումներ:
Որ ուղղությամբ նայում ես՝ քաղաքի կառավարումը տապալված է և արտահերթ ընտրությունները այսօր առավել քան արդիական են»: