չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ալիևը ռուսական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարց չի կարող քննարկել․ «Երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատերը ՀՀ-ն է»․ փոխվարչապետի գրասենյակ

Ալիևը ռուսական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարց չի կարող քննարկել․ «Երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատերը ՀՀ-ն է»․ փոխվարչապետի գրասենյակ

Սահմանի որոշ հատվածներում ՀՀ տարածք ներխուժումից հետո ադրբեջանական մամուլը կրկին համառորեն լուրեր է տարածում Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու մասին։ Ադրբեջանի քարոզչամեքենային միացել են նաեւ հայաստանյան որոշ շրջանակներ, որոնց մասին ԱԽ նիստում այսօր առավոտյան խոսել է նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ ՀՀ-ում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ։

«Զանգեզուրի միջանցքի» մասին մայիսի 11-ին հերթական անգամ հայտարարել էր նաև Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, որ գոյություն չունեցող միջանցքը կբացվի՝ հիմնավորելով, թե «Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, այդ պատճառով Բաքուն այդ հարցն ավելի շատ քննարկում է ռուսական կողմի հետ։ Ալիեւը նաեւ ասել էր, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցի շուրջ Ադրբեջանի, «Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը շատ լուրջ քայլեր է ձեռնարկել»։

Civic.am
-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնեցին, որ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» հարց չի քննարկվել եւ չի քննարկվում, քննարկումներն ընթանում են տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ։

Փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից հայտնում են նաեւ, որ «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ն չի հանդիսանում Հայաստանի երկաթուղիների սեփականատեր․ երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը։ Նշենք, որ Հայաստանի երկաթուղին կառավարման է տրված «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ին։
 
Մեր հարցին, թե եռակողմ աշխատանքային խմբում ընդգրկված  ռուսական կողմն ի՞նչ դիրքորոշում ունի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, փոխվարչապետի գրասենյակից պատասխանել են, թե աշխատանքային խմբում ընդգրված այլ կողմերի դիրքորոշումները չեն մեկնաբանում։

Հավելենք նաեւ, որ այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը նույնպես հերքել է Ադրբեջանին միջանցք տրմադրելու մասին լուրերը։ «Ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը: Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու», - ասել է Փաշինյանը։ 

  • Կիսվել: