Աղետների ռիսկի կառավարման նոր ռազմավարության շրջանակում նախատեսվում է հաստատել սողանքային ռիսկի կառավարման պլան
Հայաստանի Հանրապետությունում սողանքային երևույթները լայն տարածում ունեն։ Սողանքային տեղամասերի մակերեսը 1216 քառակուսի կմ է, ինչը կազմում է հանրապետության տարածքի 4,1/%-ը։
Այսօր հանրապետության 233 համայնքներ գտնվում են սողանքային վտանգավոր տեղամասերում, որտեղ վնասված են հարյուրավոր բնակելի տներ, հաղորդակցության ուղիներ և այլ կենսաապահովման օբյեկտներ։
«Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ունենք գրանցված բոլոր սողանքային տարածքները քարտեզագրված, գույներով, թե որ սողանքները որ բնակավայրերի մոտ են գտնվում կամ հիմնական ճանապարհների մոտ են գտնվում և ինչին են սպառնում»,-ասում է Աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Կարապետյանը:
ՆԳ նախարարության կողմից մշակման փուլում է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո կունենանք սողանքներին վերաբերող մի շարք միջոցառումներ, որոնք կվերաբերեն նաև մյուս տեսչություններին:
«2023 թ. հոկտեմբերի 5 ին ՀՀ կառավարության կողմից հաստատվեց աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը 2023-2026 թթ. համար: Ռազմավարության գործողությունների ծրագրով սահմանված են մի շարք ուղղություններ, այդ թվում՝ սողանքային ռիսկի կառավարման համակարգի զարգացումը, որի շրջանակներում նախատեսվում է հաստատել սողանքային ռիսկի կառավարման պլանը»,-ասում է ՌՊՔՄՄՎ աղետների ռիսկի և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում քաղաքականության մշակման ու մոնիթորինգի բաժնի պետ Մերուժան Խաչատրյանը: