208 բենզալցակայանների գործունեությունը դադարեցվել է, դրանցից 54-ն՝ ապամոնտաժվել․ Մարտիրոսյան
Տեսչական մարմնի կողմից ստուգման արդյունքում 208 բենզալցակայանների գործունեությունը դադարեցվել է, որից 54 բենզալցակայան ապամոնտաժվել է, իսկ 40-ից ավելին արդեն իրենց խախտումները վերացրել են։
ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստին այս մասին ասաց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մնացած բենզալցակայանների մասով դեռևս տեսչական մարմինը նոր տեղեկություն չունի։
«Կարող է դեպքեր լինեն, որ ուղղակի բենզալցակայանները չշահագործեն, դրանք տևական ժամանակ մնան որպես արտադրական վտանգավոր օբյեկտներ։ Նոր կարգավորումներով ասում ենք, որ եթե քաղաքացին չի շահագործելու օբյեկտը, ապա պետք է կոնսերվացնի։ Եթե չի կոնսերվացնում, վարչական վարույթ է հարուցվելու, եթե դրանից հետո էլ չի կոնսերվացնում, ապա պետությունը պատվիրելու է մասնագիտացված կազմակերպություն, որ գան կոնսերվացնեն, հետո մենք հայցով քաղաքացուց կպահանջենք կոնսերվացման գումարը»,- եզրափակեց Մարտիրոսյանը։