շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2023թ-ից Հայաստանում կկրճատվի ինտենսիվ այգիներին տրվող սուբսիդավորման չափը

2023թ-ից Հայաստանում կկրճատվի ինտենսիվ այգիներին տրվող սուբսիդավորման չափը

2023թ-ի հունվարի 1-ից ՀՀ կառավարությունը կկրճատի ինտենսիվ այգիներին տրվող սուբսիդավորման չափը։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստում։
«Տեսնում ենք, որ օժանդակության այն չափը, որն այսօր կա, ավելին է, քան անհրաժեշտ է, որպեսզի մենք հասնենք կառավարության դրած թիրախներին»,- նիստից հետո ճեպազրույցում մեկնաբանելով որոշումը, ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
 
Եթե ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողները 50 տոկոսի չափով սուբսիդիա էին ստանում, ապա հաջորդ տարվանից կստանան արդեն 30 տոկոս։
 
Քերոբյանը չբացառեց` եթե ծրագրի իրականացման արդյունքում պարզվի, որ աջակցության այդ չափով անհնար է հասնել թիրախային արդյունքների, կառավարությունը դարձյալ փոփոխություններ կկատարի որոշման մեջ։
 
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով` 2018 թվականին սուբսիդավորման հայտ է ներկայացվել 20 հա ինտենսիվ այգիների համար, 2019 -ին՝ 53,2 հա, 2020-ին` 518,6 հա, 2021-ին՝ 1669,22 հա։ Իսկ 2022 թվականին պետական աջակցությամբ ինտենսիվ այգի հիմնելու նպատակով ընդհանուր շուրջ 900 հա-ի հայտ է ստացվել։

  • Կիսվել: