շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2023 թ․ պետական գույքի ֆոնդային բորսայի միջոցով հետագա մասնավորեցման նպատակով հիմնադրվել է «Ռիփաբլիք պլազա» ԲԲԸ-ն

2023 թ․ պետական գույքի ֆոնդային բորսայի միջոցով հետագա մասնավորեցման նպատակով հիմնադրվել է «Ռիփաբլիք պլազա» ԲԲԸ-ն

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում այսօր՝ հունվարի 31-ին, այդ կառույցի 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ անդրադարձ է կատարվել նաև «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ում իրականացված աշխատանքներին։

Մասնավորապես նշվել է, որ 2023 թ․ Մարզահամերգային համալիրում կայացել է 119 միջոցառում, որից ստացվել է 768 մլն դրամի եկամուտ՝ 18%-ով ավելի 2022 թ․ եկամուտից։ Նշվել է, որ Մարզահամերգային համալիրում լայն թափով ընթացել և ընթանում են շինարարական աշխատանքներ․ կապիտալ նորոգվել է պոմպակայանը, ձեռք են բերվել օդափոխության և հակահրդեհային համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերը, իրականացվում են տանիքի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներ։ 

Քննարկվել են նաև ոլորտում իրականացված համակարգային բարեփոխումներին և պետական գույքի կառավարման ռազմավարությանը վերաբերող հարցեր։

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե քանի պետական առևտրային կազմակերպություն է առկա: Պատասխանատուների խոսքով, դրանց թիվը հասնում է 146-ի:

Վարչապետը կարևորել է վերջիններիս գործունեության վերաբերյալ մոնիթորինգի իրականացումը: «Առնվազն մենք պետք է իմանանք՝ ինչ է կատարվում այնտեղ, եթե աշխատում է, պետք է հասկանալ՝ ինչպես է աշխատում: Եթե պոտենցիալ ունի, չունի և այլն, այստեղ մենք առանձին մոտեցում պետք է ունենանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նշվել է, որ 2022 թվականից սկսել են մոնիթորինգի իրականացումը: «Առնվազն վատ չէ, որ մենք այդ թեմային հասել, անդրադարձել ենք: Ես կարծում եմ, որ դա դեպք առ դեպք պետք է անդրադառնանք, որովհետև տարբեր պրոֆիլների, տարբեր նրբությունների և ուղղությունների ընկերություններ են, բայց որ այդտեղ պետք է շատ նախանձախնդիր լինել, որովհետև պետական բյուջեի եկամուտների, ֆինանսական հոսքերի և ոչ ֆինանսական ակտիվների կառավարման մասին է խոսքը: Եկեք պայմանավորվենք, որ արագ բանաձև ենք դուրս բերելու, թե ինչպես ենք գործելու»,- նշել է վարչապետը:

Նշվել է, որ 2023 թ․ գույքի արդյունավետ կառավարման և ֆոնդային բորսայի միջոցով հետագա մասնավորեցման նպատակով հիմնադրվել է «Ռիփաբլիք պլազա» ԲԲԸ-ն, ինչը պետական գույքի կառավարման տեսանկյունից նոր երևույթ է։ Նախորդ տարում Կադաստրի կոմիտեի հետ համագործակցության արդյունքում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի Ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում ապահովվել է պետական սեփականություն հանդիսացող գույքի շերտի հասանելիություն։

  • Կիսվել: