երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2023 թ. Հայաստանից ավելի շատ դուրս են եկել, քան եկել

2023 թ. Հայաստանից ավելի շատ դուրս են եկել, քան եկել

2023 թ. հունվարի 1–ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակ կազմել է 2 մլն 937 հազար մարդ, իսկ 2024 թ. հունվարի 1–ի դրությամբ այս թիվը 53 հազարով ավելացել է՝ կազմելով 2 մլն 990 հազար մարդ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ամփոփելով 2023 թվականի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները։

2023 թ. ՀՀ–ում հաշվառվել է 100 261 մարդ, մինչդեռ 2022 թ. հաշվառվել է շատ ավելի քիչ մարդ` 57 320։ Ինչպես և սպասելի էր 2023 թ. սեպտեմբերյան իրադարձություններից հետո՝ ՀՀ–ում ամենից շատ հաշվառվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիները` 31 434։ Հաջորդ ամենամեծ թիվը կազմում են ՌԴ–ից եկածները` 4 187 հաշվառված մարդ։ Ամենից քիչ հաշվառվել են Իտալիայից ու Շվեցարիայից` 4–ական մարդ։

2023 թ. ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ է ստացել 3 274։ Այս թվի մեջ գերակշռում են ՌԴ–ից ժամանածները` 2 137 մարդ։
Ըստ ՀՀ սահմանային 10 անցակետերով իրականացված գրանցումների` ՀՀ–ից 2023 թ. դուրս է եկել 4 793 768 մարդ, որը 2022 թ. համեմատ մոտ 1.5 մլն–ով ավելի է։ Ամենից շատ ՀՀ սահմանը հատել են «Զվարթնոց» օդանավակայանով` 2 514 480 մարդ և հայ–վրացական «Բագրատաշեն» անցակետով` 1 454 589 մարդ։
2023 թ. ՀՀ մուտք է գործել 4 764 274 մարդ, 2022 թվականին` 3 394 371 մարդ։

  • Կիսվել: