երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
2022-ին ընդլայնվելու է անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացող շահառուների ցանկը

2022-ին ընդլայնվելու է անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացող շահառուների ցանկը

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված աղողջապահության ոլորտի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով 2022-ի պետբյուջեի ֆինանսական հատկացումներին՝ փաստել է, որ եկող տարի իրականացվելու է 13 ծրագիր՝ 50 միջոցառում:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ բնակչությանը մատչելի և որակյալ առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման նպատակով իրականացվելու է «Առողջության առաջնային պահպանում» ծրագրը, որին հատկացվելու է 27,804.5 մլն դրամ:

«Դեղապահովում» ծրագրով նախատեսվել է 3 մլրդ 880 մլն դրամ: Ծախսերն ընթացիկ տարվա համեմատ ավելացել են 10%-ով: Ապահովվելու է 12 հիվանդության ծածկույթ, 267 հազար 175 շահառուների պետությունն անվճար և արտոնյալ պայմաններով կտրամադրի համապատասխան դեղորայք:

Նախարարությունն իրականացնելու է նաև այլ ծրագրեր, որոնց նպատակը մարդու կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող վիճակներում որակյալ շտապ բժշկական օգնության ծառայությունների տրամադրումն է, ինչպես նաեւ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության հասանելիության ու մատչելիության մակարդակի բարձրացումը:

Նշվել է նաև, որ Առողջապահության նախարարության հիմնական խնդիրներից է հանրապետությունում ուռուցքաբանական ծառայությունների շարունակական բարելավումը: 2022-ին նախատեսվում է վերանայել ուռուցքաբանական վիրահատությունների գները:

Իրականացվելու են կապիտալ ծախսեր` մարզային առողջապահական կազմակերպությունների շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման նպատակով:

  • Կիսվել: