հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
2022-ի համար մենք առաջարկում ենք սոցիալական ոլորտի ծախսերը հասցնել 550 մլրդ դրամի․ նախարար

2022-ի համար մենք առաջարկում ենք սոցիալական ոլորտի ծախսերը հասցնել 550 մլրդ դրամի․ նախարար

2021-ին սոցիալական ոլորտի ծախսերը նախատեսված են 503 մլրդ դրամ, 2022-ի համար մենք առաջարկում ենք ծախսերը հասցնել 550 մլրդ դրամի: Այդ մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված սոցիալական ոլորտի բյուջետային ծրագրերի քննարկման ժամանակ: 

Նա նշեց, որ սոցիալական ծախսերի մոտ 90 տոկոսը կազմում են կենսաթոշակները, նպաստները, աշխատավարձերը և այլ պարտադիր վճարներ: Բյուջետային փոփոխությունը, նախարարի խոսքով, պայմանավորված է շահառուների թվաքանակի փոփոխությամբ: Նախատեսվում է բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցությունը առանձնացնել անապահովների հատվածից, ինչի համար ֆինանսավորումն առաջարկվում է ավելացնել մոտ 6.5 մլրդ դրամ: 

Առաքելյանի խոսքով՝ փոփոխություններ են նախատեսվում զբաղվածության ծրագրերում: Նախարարը հայտնեց, որ ծրագրերը գնահատվել են, որի արդյունքում 5 ծրագիր դադարեցվել է, մյուսները փոփոխության են ենթարկվում, կարևորվելու է գործատուներին տրամադրվող աջակցությունը:  

Նա նշեց, որ հաջորդ տարվա բյուջեով առաջարկվում է կրկնակի ավելացնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին ուղղված ֆինանսավորումը՝ 2 մլրդ դրամ՝ այս տարվա մոտ 900 մլն-ի փոխարեն, աջակցությունը դարձնել ավելի հասցեական և որակյալ, հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն տալ առավել լիարժեք ինտեգրվել հանրային կյանքին: 

Ավանդների փոխհատուցման մասով, շահառուների թվի ավելացմամբ պայմանավորված, առաջարկվում է ծախսերի 25 տոկոսի աճ՝ շուրջ 1 մլրդ դրամ: 

2022-ից, ըստ նախարարի, նախատեսվում է իրականացնել սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը: Յուրաքանչյուր տարի առաջարկվում է այս ուղղությամբ ծախսերն ավելացնել 2 մլրդ դրամով: 

Սոցապնախարարը նշեց, որ հաջորդ տարվանից հանրապետության մարզերում կգործեն վեց անկախ կյանքի կենտրոններ, որոնք նախատեսված են զինծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց աջակցելու համար: 

  • Կիսվել: