կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
2021-ին գրանցվել է պետբյուջե վճարված հարկերի պատմական ամենաբարձր ցուցանիշը. ՀՀ ֆինանսների նախարար

2021-ին գրանցվել է պետբյուջե վճարված հարկերի պատմական ամենաբարձր ցուցանիշը. ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Ազգային ժողովի նիստում ներկայացրեց 2021 թվականի հարկային եկամուտները:

«Պետական բյուջեի հարկային եկամուտները սկզբնապես հաստատված ցուցանիշը գերազանցել են 147 միլիարդ դրամով և կազմել 1 տրիլիոն 586.9 միլիարդ դրամ: Դրանք ՀՆԱ-ի 22,7 տոկոսն են: Այս ցուցանիշը կարևոր է  նրանով, որ այն պետական բյուջե վճարված հարկերի պատմական ամենաբարձր ցուցանիշն է: Նախորդող տարվա 22,4 տոկոսի նկատմամբ հարկեր-ՀՆԱ ցուցանիշն աճել է 0,3 տոկոսային կետով»,- ասաց Խաչատրյանը:

2021 թվականի հարկային եկամուտների վրա, ըստ նախարարի, ազդեցություն է ունեցել մետաղական խտանյութերի պետական տուրքի սահմանումը:

Խոսելով ծախսերի մասին՝ Խաչատրյանը նշեց, որ 2021 թվականին պետական բյուջեի ծախսերը կազմել են 2 տրիլիոն 4 միլիարդ դրամ:

«2022 թվականի համար Կառավարությունը նախատեսել է շուրջ 350 միլիարդ դրամ կապիտալ ծախսեր, ինչը 60 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը»,- ասաց Խաչատրյանը:

Նա անդրադարձավ նաև պետական պարտքին:

«Պատերազմի և կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությունը մակրոտնտեսական ցուցանիշների տեսանկյունից ամենից մեծ չափով ազդել է 2020 թվականի պետական պարտքի ցուցանիշների վրա: 2019 թվականի նկատմամբ Կառավարության պարտքը 2020-ին ավելացավ ՀՆԱ-ի 13,4 տոկոսային կետով՝ հասնելով ՀՆԱ-ի 63,5 տոկոսի»,- ասաց Խաչատրյանը:

Տարվա փաստացի արդյունքներով՝ Կառավարության պարտքը կազմել է 4 տրիլիոն 209,8 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 60,3 տոկոսը, որը 2 տոկոսային կետով ցածր է, քան տարեսկզբին եղած նախնական գնահատականն էր:

  • Կիսվել: