երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2020 թվականի բյուջեն ամենևին չենք համարում հեղափոխական բյուջե. Միքայել Մելքումյան

2020 թվականի բյուջեն ամենևին չենք համարում հեղափոխական բյուջե. Միքայել Մելքումյան

2020 թվականի բյուջեն ամենևին չենք համարում հեղափոխական բյուջե: Այսoր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ այն տնտեսական հեղափոխությունը սպասարկող բյուջե չէ, քանի որ այն ցուցանիշները, որոնք դրված են, չեն կարող հասնել այն նպատակներին, որոնք քաղաքական հեղափոխության ընթացքում բոլորի մոտ առաջացրել էին դրական սպասումներ:

Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ փետրվարին իրենց խմբակցությունը դեմ էր քվեարկել Կառավարության հնգամյա ծրագրրին, և 2020 թ-ի բյուջեն հստակ ապացուցում է, որ իրենք ճիշտ էին։ «Այս մոտեցումներով և ցուցանիշներով չենք կարող իրականացնել գրագետ քաղաքականություն։ Այսինքն՝ տնտեսական հեղափոխությունը չի կարող իրողություն դառնալ»,- նշեց նա։

Անդրադառնալով ՀՆԱ-ի աճին՝ պատգամավորն ասաց, որ 4.9 տոկոս նախանշված աճը նահանջ է, քանի որ նախորդ տարիներին նախանշվում էր 5-7 տոկոսանոց աճ: 

Այպիսով, ըստ պատգամավորի, այս բյուջեն չի ապահովում բնակչության կենսամակարդակի, մեր պաշտպանության համակարգի լիակատար երաշխիքները, իսկ  թոշակների ու աշխատավարձերի բարձրացումը, որի մասին խոսում է կառավարությունը, ևս խիստ անբավարար է:

«Նշվում է, որ արդյունաբերությունն աճելու է 5 տոկոս, գյուղատնտեսությունը՝ 0,5 տոկոս, շինարարությունը՝ 4 տոկոս, հարկային մուտքերի սպասումները 9 տոկոսից իջել է 6 տոկոս։ Այսինքն՝ մենք ինչ հավաքելու էր, հավաքեցինք, և հարկահավաքման տեմպը կանգնել է»,- ընդգծեց Մելքումյանը՝ հավելելով, որ իրենք դեմ ենք քվեարկելու բյուջեի նախագծին։

  • Կիսվել: