երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2020-ի բյուջեով նոր փուլ է բացվում 1988 թվականի երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում. Փաշինյան

2020-ի բյուջեով նոր փուլ է բացվում 1988 թվականի երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում. Փաշինյան

2020 թվականի պետական բյուջեն, այո՛, հեղափոխական է, այսօր Ազգային ժողովում Բյուջեի նախագծի վերջնական քննարկման ժամանակ իր եզրափակից ելույթում վերահաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա իր ելույթի սկզբում հիշեց Սպիտակի երկրաշարժի մասին. «Քանի որ վաղը դեկտեմբերի 7-ն է, ուզում եմ ասել, որ աղետի գոտու առումով էլ 2020-ի բյուջեն հեղափոխական է, որովհետև մյուս տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ։ Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների գումար չի տրամադրվել և սրանով ուզում եմ արձանագրել, որ 2020 թվականին լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ-ի ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված է։ Սա նշանակում է՝ աղետի գոտու վերականգնման պրոցեսում նոր փուլ է սկսվում, որը պետք է իրագործվի բոլորովին ուրիշ տրամաբանությամբ և այդ փուլի իմաստը այսպես ասած սոցիալական արտակարգ իրավիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ։ Մենք պետք է աղետի գոտում խոսենք ոչ թե ուղղակի սոցիալական հրատապ խնդիրներ լուծելու, այլև զարգացման երկարատև տեսլականներ և ռազմավարություններ իրագործելու համար։ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից»։

Վարչապետի խոսքով, դա չի նշանակում՝ տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, բայց սա չի էլ նշանակում, որ ոչ մեկի նկատմամբ չի կարող չունենալ պարտավորություն։

Նա երկրաշարժից տուժած ու դեռևս տնակներում ապրող մարդկանց տեղեկացրեց, որ ամեն տնակի պատմությունն արդեն իսկ ձևավորել են և ամեն տնակի նկատմամբ կլինի անհատական մոտեցում, բայց դա այսօր Գյումրիի՝ որպես տնտեսապես և քաղաքաշինական առումով զարգացող քաղաքի խոչընդոտող թիվ մեկ խոչընդոտն է:

 «Իսկապես, նոր փուլ է բացվում 1988 թվականի երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: