16 տարին լրացած անձն իրավունք կունենա ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի մասին. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» գործող օրենքում նախատեսված են կարգավորումներ, որոնց համաձայն 16 տարին լրացած երեխաներն իրավունք ունեն տալու գրավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի մատչելի ձեւով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում` բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ: Սակայն նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը լրացուցիչ պայմաններ են սահմանում անգործունակ ճանաչված անձի եւ երեխայի համար, առանց տարիքային հստակեցման: ՀՀ օրենսդրությամբ երեխա է համարվում մինչեւ 18 տարեկան անձը, սակայն նույն օրենսդրությամբ 16 տարին լրացած անձը բազմաթիվ իրավասություններ ունի աշխատանքային հարաբերությունների, սոցիալական ծառայություններից օգտվելու, ինքնուրույն ապրելու, զինվորական հաշվառման անցնելու, առանձին դեպքերում ամուսնանալու հարցում:
Ուստի, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է 16 տարին լրացած անձին (պացիենտին) իրավունք տալ մատչելի ձեւով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում` բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ:
Զարուհի Բաթոյանի տեղեկացմամբ Կառավարությունը հարցի վերաբերյալ ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկ, որն ընդունվել է:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում: