կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
12-ամսյա բնականոն գնաճը սեպտեմբերին կազմել է 0.7 տոկոս. ԿԲ

12-ամսյա բնականոն գնաճը սեպտեմբերին կազմել է 0.7 տոկոս. ԿԲ

2024 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 0,6%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվել է ցածր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 0.7%: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ-ից:

2024 թ-ի չորրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր:

Միջազգային ապրանքահումքային շուկայում գների աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից ռիսկերը պահպանվում են՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական խնդիրներով, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ:

Միաժամանակ, գործընկեր երկրներում՝ հատկապես ԱՄՆ-ում, շարունակվում է նկատվել աշխատաշուկայի պայմանների մեղմացման թույլ ազդակներ` ուղեկցվելով պահանջարկի որոշակի ճշգրտմամբ: Մյուս կողմից, էականորեն ավելացել են միջնաժամկետում ԱՄՆ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի վերաբերյալ անորոշությունները:

Այս համատեքստում հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերը առաջիկայում կշարունակեն քաղաքականության տոկոսադրույքների աստիճանական թուլացումը՝ դեռևս պահպանելով դրամավարկային համեմատաբար խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ՝ ներառելով վերևի ուղղությամբ որոշակի ռիսկեր:

  • Կիսվել: