հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զոլաքարում տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին զոհված Հենրիկ Հարությունյանի հիշատակին նվիրված արարողություն

Զոլաքարում տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին զոհված Հենրիկ Հարությունյանի հիշատակին նվիրված արարողություն

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղի գերեզմանատանը տեղի է ունեցել հիշատակի արարողություն՝ նվիրված 2022 թվականի սեպտեմբերի 14-ին Իշխանասարի բարձունքի համար մղվող մարտերում հերոսացած Հենրիկ Հարությունյանի հիշատակին։

Հիշատակի արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի, Մարտունու համայնքապետարանի, Զոլաքարի թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ դպրոցների, Մարտունու տարածաշրջանային պետական քոլեջի ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի աշխատակիցներ, Հենրիկ Հարությունյանի զորամասի  հրամանատարական անձնակազմը, ուսուցիչներ, ընկերներ եւ համագյուղացիներ։

Միջոցառումը համընկել էր Հենրիկ Հարությունյանի ծննդյան 20-րդ տարեդարձին։

«Հայոց բանակի կրտսեր սերժանտ, կապավոր Հենրիկ Հարությունյանը ծնվել է 2002 թվականի դեկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։ Հաճախել է Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոց, որն ավարտել է գերազանց գնահատականներով, ապա ուսումը շարունակել Մարտունու պետական քոլեջում։ Կարմիր դիպլոմով ավարտելով քոլեջն՝ ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ կուրս։

2021 թվականի հուլիսի 11-ին Հենրիկը մեկնել է ծառայության։ Ցուցաբերած արժանիքների համար արժանացել է «Գաղտնիության 3-րդ կարգ», «Կապի գերազանցիկ» շքանշանների։ Վեց ամիս անց, ստանալով կրտսեր սերժանտի կոչում, տեղափոխվել է իր հիմնական զորամաս՝ որպես կապավոր:  Հարուստ գիտելիքների, բարձր մարդկային արժեքների ու նվիրվածության համար արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Մարտական հերթապահություն» շքանշանների։ Ապահովելով մշտական եւ անխափան կապ՝ դիրքերում եւ զորամասում նա հայտնի էր Կապի Հենո անունով:

ՀՀ ԶՈՒ կապի զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ Հենրիկ Հարությունյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Է. Ասրյանի կողմից արժանացել է պատվոգրի։

2022 թվականի սեպտեմբերի 13-ին սկսված մարտական գործողությունների ժամանակ, երբ թշնամին լայնամասշտաբ հարձակում է գործել ՀՀ սուվերեն տարածքի վրա,  Հենրիկն առաջին րոպեներից սկսել է մարտնչել ագրեսորի դեմ:

Հենոն՝ իր ընկերների հետ միասին,  պաշտպանում էր Իշխանասարի դիրքերը։ Ազատագրելով բարձունքը, որն ապահովում էր Իշխանասարի գլխավոր ճանապարհը, շրջափակումից նա դուրս է բերել բազմաթիվ զինվորների: Չվախենալով թշնամու հրետանու, դիպուկահարների եւ այլ զինատեսակների լայնամասշտաբ կրակից՝ գիտակցաբար նետվել է մարտադաշտ՝ վիրավոր եւ  զոհված ընկերներին դուրս բերելու։

Սեպտեմբերի 14-ին ժամը 17:30-ի սահմաններում վիրավոր ընկերոջը մարտադաշտից գրկած դուրս բերելիս դիպուկահարի կրակոցից Հենոն անմահացել է։

Մարտական հենակետը եւ  բարձունքն անվանակոչվել է Կապի Հենոյի անունով: Զոլաքար գյուղի բոլոր մարդիկ խոնարհվում են Հենոյի սուրբ հիշատակի առաջ, հպարտ են նրա գործած սխրանքներով»,-ներկայացրեց Հրայր Մարգարյանը։

  • Կիսվել: