հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վստահեցնում եմ՝ Հայաստանի բանակը երբեք ավելի լավ վիճակում չի եղել, քան հիմա է․ Փաշինյան

Վստահեցնում եմ՝ Հայաստանի բանակը երբեք ավելի լավ վիճակում չի եղել, քան հիմա է․ Փաշինյան

Հայաստանի բանակը սպառազինության, բարոյահոգեբանական, պաշտպանունակության, սննդի և հագուստի առումներով երբեք ավելի լավ վիճակում չի եղել, քան հիմա է։

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով բանակի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի բարձրացրած մտահոգությունների մասին հարցին։ 

«Պիտի արձանագրեմ, որ Հայաստանի բանակը և՛ սննդի, և՛ հագուստի, և՛ սպառազինության, և՛ բարոյահոգեբանական վիճակի, և՛ պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել։ Ինձ համար կարևոր են զինվորները և նրանց ծնողների արձագանքը, բայց դա չի նշանակում, որ պրոբլեմներ չկան։ Աշխարհում այդպիսի բանակ չկա, որտեղ պրոբլեմներ չկան, աշխարհում այդպիսի երկիր չկա, որտեղ պրոբլեմներ չկան։ Հայաստանի անվտանգության խորհուրդը, Կառավարությունը և Պաշտպանության նախարարությունն ընդունել են բանակի կերպափոխման տեսլականը և այդ տեսլականը, որը  քայլ-քայլ իրականացվում է։ Մնացած հայտարարություններին ես անդրադառնալու կարիք չեմ տեսնում, որովհետև, երբ փորձում եմ դրանց շուրջ պարզաբանումներ ստանալ, պարզվում է, որ իրականում այն, ինչ ասվել է, այդպես չէ։ Այլ բան, որ երբ մարդիկ հայտարարություն են անում և հետո պարզվում է, որ այդ հայտարարությունը սխալ փաստերի վրա է հիմնված, իրենք պետք է ունենան նույնքան քաղաքական կամք՝ կանգնելու և ասելու, ժողովուրդ ջան, գիտեք այն փաստը, որի մասին ես խոսում էի, պարզվեց, որ դա այնքան էլ այդպես չէ»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ հանրապետության բնակավայրերում հանդիպումների ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ են իրեն շնորհակալություն հայտնել բանակում բարեփոխումների համար։  

Վարչապետը համոզմունք հայտնեց, որ մայիսի 28-ին նախատեսվող ցուցադրությանը հասարակությունը ականատես կլինի, թե ինչ է փոփոխություններ են եղել բանակում։

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանում զորակոչի թիվն էականորեն նվազել է, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել իրավիճակը փոխելու համար։ Պատգամավորը համեմատել էր 2018 թվականի և 2025 թվականի զորակոչի թվերը՝ արձանագրելով, որ զորակոչի թիվը 2025 թվականին՝ 2018-ի համեմատ՝ նվազել է երեք անգամ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել էր պատգամավորի հայտարարություններին՝ շեշտելով, որ 2022 թվականի համեմատ՝ 2025 թվականին զորակոչվածների թվաքանակն ավելացել է 25,3 տոկոսով:  

 

 

  • Կիսվել: