կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարչապետ Փաշինյանը երբևէ դիտողություններ չի արել զենքի գնման գործընթացում հնարավոր որևիցե խախտումների մասին․ Տոնոյան

Վարչապետ Փաշինյանը երբևէ դիտողություններ չի արել զենքի գնման գործընթացում հնարավոր որևիցե խախտումների մասին․ Տոնոյան

Իմ պաշտոնավարման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ երբևէ մատնացույց չի արել զենք-զինամթերքի գնման գործընթացում  որևիցե խնդրի առկայության վրա գնված զինամթերքի անորակության կամ անպիտանելիության համար։ Այս մասին պարզաբանում է ներկայացնում ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ով այժմ կալանավորված է․

<<Վարչապետից որեւէ նման դիտարկում չեմ հիշում։ Կարծում եմ, եթե ունենար, կհայտներ, քանի որ տեղեկատվության պակաս չի ունեցել, եւ իմ նշանակումից ի վեր ՊՆ գնումների ողջ գործընթացը եղել է ԱԱԾ-ի, դատախազության, քննչական կոմիտեի, ՊՎԾ-ի ամենօրյա հսկողության, ստուգման եւ քննման ներքո: Բազմիցս եղել է, որ գնման միեւնույն դրվագով քննություն են իրականացրել վերը նշված մի քանի գերատեսչություններ>>։

Նրա խոսքով՝ գնման որոշումը կայացվել է ՀՀ Զինված ուժերի կիրառման ապահովման համար, եւ խնդրո առարկա զինամթերքը կիրառվել է մարտական պատրաստության, անգամ ռազմական գործողությունների ընթացքում, եւ դա անհերքելի փաստ է․

<<Վարչապետը 2021թ. դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցում նշել է, որ ունի վստահելի մասնագետ, ում անհրաժեշտության դեպքում խնդրում է ուսումնասիրել եւ գնահատել դատավճիռները: Արդյո՞ք «անպիտան հրթիռների մատակարարման» գործը տրվել է ուսումնասիրման ՀՀ վարչապետի վստահելի մասնագետին, թե՞ ոչ>>։

 

  • Կիսվել: