կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Փաշինյանն անպայման կանչվելու ա քննիչ հանձնաժողով․ քանի ժամ ուզում եք․ Քոչարյան (Տեսանյութ)

Փաշինյանն անպայման կանչվելու ա քննիչ հանձնաժողով․ քանի ժամ ուզում եք․ Քոչարյան (Տեսանյութ)

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ենթադրում է, որ ընդդիմության շահերից չի բխում, որպեսզի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները հաջողված լինեն։ Քոչարյանը նիստից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց։
 
Հայտնել էինք, որ չնայած այն հանգամանքին, որ հանձնաժողովի անդրանիկ նիստին ընդդիմադիրները ներկա էին, սակայն նրանք հայտարարեցին, որ կասկածում են ներկայիս իշխանության օրոք նման հանձնաժողովի օբյեկտիվության վրա և լքեցին նիստը։
 
Նրա խոսքով` օրեր առաջ իր մոտ է եղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որն ասել է, թե չի կարող չմասնակցել նիստերին, քանի որ զավակ է կորցրել։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, թե գաղտնիության ամենաբարձր ռեժիմի պատկանող փաստաթղթերը հասանելի են լինելու հանձնաժողովին։ Նա հայտնեց նաև, որ այս պահին որևէ արտախորհրդարանական ուժ ներգրավված չէ հանձնաժողովի աշխատանքներին, չնայած նման ցանկություն հայտնածներ կան։
 
Լրագրողների հարցին, թե ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որը հիմա ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ է` մասնակցելո՞ւ է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող աշխատանքներին` Քոչարյանը նշեց, որ նա մեծ տեղեկատվության է տիրապետում։ Ըստ Քոչարյանի` Հովհաննիսյանը շատ պետքական լինելու հանձնաժողովի աշխատանքների ընթացքում։
Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կանչվելու է քննիչ հանձնաժողով։ Ըստ նրա` դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է։
Նախատեսված է, որ հանձնաժողովը իր աշխատանքները կիրականացնի 6 ամսում։
 

  • Կիսվել: