չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ուզում եմ հասկանալ, որ եկավ՝ ի՞նչ փոխվեց․ ԱԺ նախագահը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան այցի մասին

Ուզում եմ հասկանալ, որ եկավ՝ ի՞նչ փոխվեց․ ԱԺ նախագահը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան այցի մասին

«ՀԱՊԿ-ն դուրս է գալիս տարածաշրջանից» արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որոնք ՀԱՊԿ-ն պետք է անի, չի անում եւ ցույց է տալիս իր բացակայությունը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե ՀԱՊԿ-ը չի պատրաստվում դուրս գալ տարածաշրջանից, իր գլխավոր քարտուղարին է ուղարկում Հայաստան, Հայաստանը պատրաստվո՞ւմ է որոշակի քայլեր ձեռնարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու համար՝ Ալեն Սիմոնյանն ասաց.

«Էդ գալը չի նշանակում, որ ՀԱՊԿ-ը դուրս չի գալու Հայաստանից։ Որ եկել ա, ի՞նչ, ի՞նչ փոխվեց: Հայաստանն, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է, չկա որեւիցե քայլ, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը մեզ այս պահի դրությամբ խոչընդոտում, անհանգստություն է պատճառում: Անկախ նրանից՝ որ կազմակերպության մեջ ենք գտնվում,  մենք շարունակում ենք բոլոր հնարավոր ճանապարհները փնտրել ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Իսկ քաղաքական առումով՝ եկավ-գնաց, թող գան-գնան, հարցը դրանով չի լուծվելու, իրենք կգան-կգնան, դա չի խանգարի երկու օր հետո, որ գործողություն անեն, դրա փորձը մենք ունեցել ենք էլ ավելի բարձր պաշտոն ունեցողների դեպքում»:

ԱԺ նախագահը շեշտեց՝ այս պահի դրությամբ ՀԱՊԿ–ի կողմից այն գործողություններն ու արձագանքը, որ կա, միանշանակ Հայաստանին բավարար չէ.

«ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի այցելությունը Հայաստան, տեսական մասն ապահովելը, չգիտեմ՝ որքանով է բավարար որեւիցե հողի վրա բան կանգնեցնելու, որովհետեւ լինելով ՀԱՊԿ–ի մեջ, մեկ է ունեցանք Սեւ լիճ, Ջերմուկի ուղղությամբ առաջխաղացումներ»։

  • Կիսվել: