երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Ծառայությունը փողով կրճատելով բանակի ողնաշարը ջարդում են, 1 ամիս ծառայածը կռվում թիրախ է դառնալու. Աբրահամյան

Ծառայությունը փողով կրճատելով բանակի ողնաշարը ջարդում են, 1 ամիս ծառայածը կռվում թիրախ է դառնալու. Աբրահամյան

Եթե կա մեկը, ով կարող է պնդել, որ զինծառայության հիմքում բացառապես փողն է կամ սոցիալական երաշխիքներն են, ես այդ մարդկանց կհիասթափեցնեմ. 1990-ականներին, երբ նոր ձևավորվում էր հայկական զինուժը, մարդիկ սկզբնական շրջանում առանց գումարի էին ծառայում, կամ բավականին նվազ գումարով էին ծառայում։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ներկայացված նախագծին, որով առաջարկվում է վճարել գումար եւ 2 տարվա փոխարեն ծառայել 4 ամիս կամ 1 ամիս։

«Այդ մարդկանց գլխում գաղափարական պայքարն էր, հայրենիքի պաշտպանության հարցն էր, ոչ թե ավել կամ պակաս ֆինանսական միջոցներ ստանալը։ Երբ որ իշխանությունը փորձում է (ծառայությունը, կամ հայրենիքի նկատմամբ ծառայությունը, առաքելությունը վերածել աշխատանքի, ավելի կարճ ճանապարհ, քան բանակի ֆունդամենտի փլուզումը, չի կարող լինել։ Երկրորդը, հասարակության շրջանում առանց այն էլ այս իշխանության հրահրմամբ կա բավականին բևեռացում, տարատեսակ բաժանումներ, հիմա իշխանությունը փորձում է ընդգծել նաև հասարակության մեջ ունևորների, չունևորների այդ հանգամանքը և ստացվում է, ով որ ունի հնարավորություն, նա կարող է ֆինանսական ներարկման միջոցով պարզապես ազատվել ծառայությունից, ով որ ունի ցանկություն, բայց չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, ապա դրա հնարավորությունը չի ունենալու։  Առհասարակ երկրի պաշտպանության ներգրավվածության հիմքում ֆինանսները չորրորդական, հինգերորդական դիրքում են»,–ասաց նա։

Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ 2021–ի ընտրությունների համատեքստում իշխանությունը սկսեց շրջանառել պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեման, որը նախընտրական փուլում բավականին ակտիվորեն օգտագործում էր։

«Նախորդ տարվա հոկտեմբերին ՊՆ–ն ընդունել է զինված ուժերի կերպափոխման հայեցակարգը, որում նշված է, որ մինչև 2027 թվականը պարտադիր ժամկետային ծառայության ժամկետները կրճատվելու են, հիմա այս փուլում էլ իշխանությունը գնում է այս ճանապարհով։ Այսինքն, ամեն ինչ հաշվարկված է։

Նախագծին ուղեկցող փաստաթղթերում ներկայացված համեմատությունները, վերլուծությունները խոսում են լրիվ հակառակի մասին։

Իշխանությունը իր հայտարարած կոռուպցիոն դրսևորումները, օրենսդրությունում եղած սողանցքները նվազեցնելու, դրանց ռիսկերը նվազեցնելու կամ վերացնելու փոխարեն, գնացել է դրանց օրինականացման ճանապարհով։ Այսինքն սա նաև խոստովանություն է առ այն, որ այս յոթ տարիների ընթացքում այս իշխանության ժամանակահատվածում ոչ միայն աճել են այդ դրսևորումները, այլևս իշխանությունը որևէ լուրջ քայլ չի արել դրանք նվազագույն մակարդակին հասնելու համար»,– հայտարարեց Աբրահամյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ այս պրոցեսը բերելու է նաև զինված ուժերի կրճատման. «Եթե նույնիսկ ֆիզիկական առումով լինի աճ, համարենք, որ մեկ ամսով ծառայողների թիվը պայմանական 200 է, բայց մեկ ամսվա ծառայությունը ոչ իրեն է զինվորական մասնագիտություն տալու, ոչ կարողանալու է զինված ուժերի ընդհանուր փիլիսոփայության մեջ որոշակի դերակատարումը ունենալ, երկրորդը 24 հոգի պետք է մեկ ամսով ծառայի, որ դա համարվի մեկ լիարժեք ծառայություն։

Երբ նրանք ասում են, գիտեք, մենք պահեստազորն ենք մեծացնում, այդ մարդիկ նաև պահեստազորում կընդգրկվեն մեկ ամիս ծառայած մարդը, որը պահեստազորում է, այդ մարդը չի կարող էֆեկտիվ մարտական հերթապահություն իրականացնել, դեռ չեմ խոսում հնարավոր պատերազմական գործողությունների մասին։ Միակ բանը, որ կարող է լինել այդ մարդու դեպքում, դա հեշտ թիրա դառնալն է։

Իսկ ո՞վ է ասում որ մեր նման ժողովրդագրական վիճակ ունեցող երկրների պարագայում, մենք ունենք այնպիսի մեծ ռեսուրս, որ կարելի է պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատել, դարձնել փողով, ինչպես հասարակության մեջ է ընդունված ասել»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա նկատեց, որ երբ պետական մակարդակով հայրենիքի համար իր ողջ կյանքը նվիրած, թեկուզ և չնահատակված անձին փոխարինում ես հարկ վճարողով, այս ամեն ինչը փլուզվում է

«Երբ քեզ քո պետությունը ասում է՝ դու զուտ աշխատակից ես, քո գումարը այսքան կբարձրենք կամ այնքան կբարձրացնենք, դու գնա քո գործը արա, այդ մոտիվացիան ամբողջությամբ դուրս է գալիս։ Երբ ծառայությունը փոխարինվում է աշխատանքով, մնացած բոլոր ֆունդամենտալ հարցերը վերանում են»,– ընդգծեց նա։

  • Կիսվել: