շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը համարձակություն չունի նայել անհետ կորածների ծնողների աչքերին ու խոստովանելու, որ ոչ մի տեղեկություն չունեն տղաների մասին. «Հրապարակ»

Սուրեն Պապիկյանը համարձակություն չունի նայել անհետ կորածների ծնողների աչքերին ու խոստովանելու, որ ոչ մի տեղեկություն չունեն տղաների մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չունի համարձակություն՝  հանդիպելու անհետ կորածների ծնողների հետ եւ նրանց աչքերին նայելով խոստովանելու, որ ոչ մի տեղեկություն չունեն նրանց տղաների մասին։ Արդեն երկու օր է՝ նախարարը հետաձգում է հանդիպումը ծնողների հետ։

Օգոստոսի 30-ին նրանց հրավիրել էին նախարարություն` հանդիպման, սակայն պարզվեց, որ ոչ թե նախարարն է նրանց հետ զրուցելու, այլ փոխնախարար Արման Սարգսյանը` «Լամպչկա» մականունով նախկին ոստիկանապետը։

Բարկացած ծնողները բունտ են արել` հրաժարվել են դուրս գալ ՊՆ շենքից։ Գիշերը մոտ 30 հոգով գիշերել են շենքի մոտ։ Երեկ նրանք հույս ունեին, որ հանդիպումը վերջապես կկայանա։ Սակայն առավոտյան պաշտպանական գերատեսչությունից նրանց հայտնել են, որ նախարարի հետ հանդիպումը կկայանա հաջորդ օրը, այսինքն՝ արդեն այսօր։

«Զանգել են, բոլոր ծնողներին անհատապես զգուշացրել են, որ չեն կարող հանդիպել, որ վաղը ժամը հինգին են կարող միայն ընդունել մեզ»,- ասում է անհայտ կորած Նարեկ Հովհաննիսյանի հայրը՝ Կարեն Հովհաննիսյանը։ Նա արդեն 2 տարի եւ 9 ամիս լուր չունի որդուց։ Նարեկը վերջին անգամ հարազատների հետ կապվել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, Ջեբրայիլից։ Այդ նույն օրն էլ անհետացել է։ «Ինձ ընդհանուր մարմնի ԴՆԹ-ն են տվել։ Իմ տղայի ոտքը 43-44 համարի էր, բայց այդ տղայի վրա 41 համարի բատինկեք էին, այն էլ՝ կոճկված վիճակում։ Չի կարող 44 համարի ոտք ունեցողը 41 համարի կոշիկ հագնի ու կոճկի։ Ես չեմ հավատում, որ դա իմ որդու մարմինն է»,- ասում է Կարեն Հովհաննիսյանը։

Նա 5 անգամ անձամբ եղել է Ջեբրայիլում, այն տարածքում, որտեղ կորել է Նարեկը։ Ասում է՝ այնտեղ բազմաթիվ մասունքներ է գտել՝ 10-20 սմ երկարության ոսկորներ է հավաքել, տվել է ԴՆԹ  փորձաքննության։ Ոչ մեկն իր որդունը չի եղել։ «Որդիս կորել է այդ տարածքից։ Ես պահանջում եմ ՊՆ-ից որեւէ տեղեկություն նրա մասին։ Ես իմ տղային տվել եմ Պնախարարին․վայենկոմին, չաստի կամանդիրին, իրենցից էլ պահանջում եմ։ Բոլոր ծնողներն էլ դա են ուզում՝ որեւէ տեղեկություն հայտնեն երեխեքի վերաբերյալ։ Ո՛չ փող ենք ուզում, ո՛չ տուն, ո՛չ մեքենա»։
Ի՞նչ եք կարծում՝ եթե մինչ օրս մի բան իմանային, ձեզ ասած չէի՞ն լինի։

«Բա իրենք ինչի՞ համար են այնտեղ նստած։ Դա իրենց պարտավորությունն է։ Երեկ մենք պահանջեցինք հանդիպում նախարար Պապիկյանի հետ։ Ինքը բարի լիներ, դուրս գար, ասեր՝ ես պատասխան չունեմ։ Թող ասի՝ գիտեք, ինձ կներեք, չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Ոչ թե ասեր՝ եկեք վաղը հանդիպենք, մյուս օրը հանդիպենք։ Ի՞նչն է փոխվելու։ Ադրբեջանցին այսօր էլ է նույնը, երեկ էլ, վաղն էլ։ Էսօրվա դրությամբ ոչ մի կառույց չկա՝ մեզ պատասխան տվող։ Իրենք ամաչելով են մեզ հետ խոսում, բայց իրենց ամաչելը՝ մեզ ոչ մի բան, ո՛չ տաք է, ո՛չ սառը»,- գանգատվում է որդեկորույս հայրը։

Նա ասում  է, որ անհետ կորածների ծնողներն իրենց լիարժեք անտեսված են զգում։ «2 տարի 9 ամիս է անցել, խի՞ չեն զանգում, ասում՝ բարեւ, ի՞նչ խնդիր ունեք, ո՞նց եք, խի՞ չեն զանգում»։
Անհետ կորածների ծնողները որդեկորույսների ամենաանտեսված եւ ամենաբողոքավոր խումբն են։ Նրանք այն մարդիկ են, որոնք չգիտեն իրենց որդիների գերեզմանի տեղը եւ հրաժարվում են ընդունել իրենց որդիների մահվան փաստը, հրաժարվում են ընդունել զոհվածի ծնողի կարգավիճակը եւ դրանից բխող արտոնությունները՝ նվիրատվություն, ամենամսյա գումարներ։ Նրանց միայն իրենց երեխաներն են պետք, որոնց մոտ երեք տարի է` անհույս սպասում են»:

  • Կիսվել: