Փաշինյանը Գյումրում տիրող իրավիճակն անձնական ողբերգություն է համարում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում տիրող իրավիճակն իր համար անձնական ողբերգություն է համարում։ Այս մասին նա հայտարարել է հունիսի 11-ի ճեպազրույցի ժամանակ։
Գյումրիում հնարավոր արտահերթ տեղական ընտրությունների մասին հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ իրավական հարցը դեռ քննարկվում է, սակայն ինքը, առանց դրան սպասելու, անձնական պատասխանատվություն է ստանձնում քաղաքի բարեկարգման համար։ Այնտեղ, որտեղ ՏԻՄ-ը (տեղական ինքնակառավարման մարմինները) խոչընդոտներ կստեղծի, կառավարությունը շրջանցող ուղիներ կգտնի քաղաքում իրավիճակը բարելավելու համար։ «Ինձ համար սա անձնական ողբերգություն է։ Ինչպե՞ս կարող է իմ կողմից ղեկավարվող երկրում քաղաքն այսպիսի վիճակում լինել»,- զարմացել է Փաշինյանը։
Նրան հիշեցրել են, որ երկրում բազմաթիվ քաղաքներ կան նման վիճակում։ Փաշինյանը համաձայն չի եղել այս դիտարկմանը՝ վստահեցնելով, որ մյուս քաղաքներում, այնուամենայնիվ, ինչ-որ բան արվում է, և համայնքապետերի ընդդիմադիր հայացքները կապ չունեն դրա հետ։
«Գյումրու իշխանությունները զբաղված էին սաբոտաժով։ Կան այլ քաղաքներ ևս, որոնք ունեն ընդդիմադիր ղեկավարներ. նրանք ծաղկում են՝ օգտվելով սուբվենցիոն ծրագրերից։ Գյումրիում կոռուպցիա է ու սաբոտաժ, և դա արվում է նրա համար, որ հետո մեղադրեն վարչապետին»,- դժգոհել է Փաշինյանը։
Նա շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկած գյումրեցիներին և խոստացել է էլ ավելի հաճախ այցելել քաղաք։


