Շաբաթ օրը կհանդիպենք վարչապետի հետ. անհետ կորած զինծառայողի հայր
Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի անհայտ կորած ու զոհված զինծառայողների հարազատների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է անհետ կորած զինծառայողի հայր Գարիկ Մխիթարյանը:
Նա նշել է. ՛՛Հանդիպման ընթացքում խնդրել էինք ոստիկանապետին, որ իր աջակցությամբ հանդիպում կազմակերպվի, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շաբաթ օրը վարչապետը կհանդիպի ծնողների հետ: Մենք ուզում ենք ընդհանուր պատասխան լսել, հասկանալ՝ քննչական գործողությունների արդյունքում ի՞նչ ունենք այս պահին, ԴՆԹ հետազոտությունների մասով ի՞նչ արդյունքներ ունենք, կան գերիներ, որոնց գերեվարման փաստը հաստատված է, կան որոշները, որոնց դեպքում դա կասկածելի է, պետք է պարզել՝ նրանցից քանիսի՞ մասով է հստակ տեղեկատվությունը, եւ քանի՞սն են շարունակում անհետ կորած համարվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր անհետ կորած համարվող զինծառայողների տասնյակ ծնողներ փակել էին ՀՀ կառավարության շենքին հարող Տիգրան Մեծի պողոտան՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ: Ավելի ուշ հարազատները բացել էին փողոցը, քանի որ փոխոստիկանապետի հետ հանդիպելու եւ ոստիկանության միջնորդությամբ վարչպետի հետ հանդիպում կազմակերպելու հարցը քննարկելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել: