հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում զորավարժություն է անցկացվել

ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում զորավարժություն է անցկացվել

ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում այսօր անցկացվել է զորավարժություն, որում ներգրավված էին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը, ինժեներասակրավորային դասակը և զինված ուժերի դաշտային շարժական հոսպիտալը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Զորավարժության նպատակն էր ՆԱՏՕ-ի չափորոշիչներով գնահատում անցնելը և միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցելու հավաստագրում ստանալը, իսկ գլխավոր առանձնահատկությունը բազմազգ միջավայրում նշյալ ստորաբաժանումների համատեղ գործելու ունակությունների ներդաշնակումը և դաշտային վարժվածության կատարելագործումն էր:

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դիտորդների ներկայությամբ ընթացող գործնական վարժանքներին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է միջազգային դիտորդների հետ, հետաքրքվել անձնակազմի գործողությունների վերաբերյալ նրանց տպավորություններով:

Զորավարժության մտահղացման համաձայն՝ պայմանական հակամարտության գոտում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը և ինժեներասակրավորային դասակը իրականացրել են խաղաղարար առաքելություն, իսկ շարժական դաշտային հոսպիտալը՝ նրանց գործողությունների բուժապահովումը:

Ներգրավված ստորաբաժանումների որակավորմանը միտված վարժանքների շրջանակում խաղարկվել են միջազգային խաղաղարար առաքելությունների ընթացքում հանդիպող պայմանական մի շարք մարտավարական դրվագներ: Ուսումնական կենտրոնում բացազատված դաշտային շարժական հոսպիտալում իրականացվել է պայմանական վիրավորների տեսակավորում, ըստ վիրավորման ծանրության աստիճանի` անհրաժեշտ բուժօգնության ապահովում, ուղղաթիռային տարհանում և այլ օպերատիվ միջոցառումներ:

  • Կիսվել: