ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՊՆ-ն որևէ դժգոհություն չունի «անպիտան զինամթերքի» գործով անցնող հրթիռների առնչությամբ, ավելին, հայտարարել է, որ դրանք պետք են ԶՈւ-ին. պաշտպան

ՊՆ-ն որևէ դժգոհություն չունի «անպիտան զինամթերքի» գործով անցնող հրթիռների առնչությամբ, ավելին, հայտարարել է, որ դրանք պետք են ԶՈւ-ին. պաշտպան

Պաշտպանության նախարարության կողմից «անպիտան զինամթերք» ձեռք բերելու գործը արդեն մտել է դատական փուլ, հունվարի 24-ին ժամը 11-ին դատարանը կհրապարակի գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և զենքի մատակարար «Մոսթոն էնջիներինգ» ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) պաշտպանների խափանման միջոցը փոխելու միջնորդության մասին որոշումը:

Թեև, ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը, այս հարցով իրենք առանձնապես լիահույս չեն` հաշվի առնելով նախորդ միջնորդությունների ճակատագիրը, ինչպես նաև գործի շուրջ թե մինչդատավարական, թե դատական փուլում ստեղծված մթնոլորտը:

«Մինչդատավարական փուլում տեղի ունեցած աղաղակող անօրինությունների մասին բազմիցս ենք բարձրաձայնել, դա առաջին հերթին գործի հիմքի և ապացուցողական բազայի լիակատար բացակայությունն է: Զենքի և զինամթերքի պիտանելիությունը կամ անպիտանությունը կարող է ապացուցել միայն ու միայն փորձաքննությունը, ինչը չնայած մեր բազում պնդումներին նախաքննական փուլում այդպես էլ չիրականցվեց:

Նույնիսկ շարքային քաղաքացու համար է աբսուրդային դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի դատական անդրանիկ նիստից առաջ հնչեցրած բացատրությունները փորձաքննություն չանցկացնելու վերաբերյալ: Ըստ դատախազի տեղակալի, «եթե մի քանի հրթիռ փորձաքննության ժամանակ պայթի, դա չի նշանակում, որ բոլորը պիտանի են», բայց կա հակառակ տրամաբանությունը` եթե մի քանի հրթիռ պայթի, նշանակում է դրանց ամբողջ խմբաքանակը պիտանի է, քանզի հակառակը ապացուցող որևէ փաստ չկա»,- նկատեց փաստաբանը:

Բացի դրանից, շեշտեց նա, որևէ բողոք` հրթիռների հետ կապված գործում չկա, ավելին դրանք անխափան կիրառվել են պատերազմի ընթացքում: «Ասեմ ավելին` երեք ամիս լռությունից հետո ՊՆ-ն վերջապես պատասխանել է մեր հարցումներին և ասել, որ հրթիռների հետ կապված որևէ բողոք չունի և մեր առաջարկին` ետ վերադարձնել խմբաքանակը պատասխանել է մերժումով: ՊՆ-ին այդ հրթիռները պետք են: ՊՆ-ի այս պատասխանը փաստացի քանդում է մեղադրանքի հիմքերը: Մինչդեռ ես հիմքեր ունեմ պնդելու, որ ՊՆ պատասխանը նախաքննական փուլում չստացվեց հենց Ազգային անվտանգության ծառայության գործուն ներգործությամբ: Նրանց համար գերխնդիր էր գործը հնարավորինս շուտ ուղարկել դատարան»,- պարզաբանեց փաստաբանը:

Նա նաև իր դժգոհությունը հայտնեց Հանրային հեռուստաընկերության կողմից գործը միակողմանի լուսաբանելու վերաբերյալ: «Ինչ է նշանակում դատական նիստի նախօրեին տաղավար հրավիրել դատախազի տեղակալին և միակողմանի լուսաբանել գործի նյութերը: Չնայած այդ հանգամանքին, նույնիսկ այդպիսի նպաստավոր պայմաններում, դատախազի տեղակալի փաստարկները միայն զավեշտ առաջացրեցին»,- նկատեց Հարությունյանը: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ դատախազի տեղակալի դատական նիստից առաջ արած պնդումը առ այն, որ դատավարությունը պետք է տեղի ունենա դռնփակ, կարելի է դիտարկել, որպես ճնշում դատարանի նկատմամբ:

«Արդեն այն փաստը, որ դատարանը դռնփակ ռեժիմով անց կացրեց նիստերի դռնփակ կամ դռնբաց անց կացնելու վերաբերյալ նիստը, լուրջ կասկածների տեղիք է տալիս»,- նկատեց փաստաբանը:

Իսկ առհասարակ դատական պրոցեսը դռնփակ անցկացնելու որոշումը, ըստ Հարությունյանի, մեկ նպատակ է հետապնդում` հանրությունից թաքցնել մեղադրանքի ողջ սնանկությունը և հիմքերի բացակայությունը: «Այսօր մեր գերնպատակը` հասնել դատավարության բաց ռեժիմով անց կացնելուն: Միայն հանրային վերահսկողության ներքո հնարավոր կլինի հասնել արդարության»,- նկատեց նա:

Ըստ փաստաբանի` նիստերը փակ անցկացնելու որևէ հիմնավոր պատճառ էլ չկա, քանզի բոլոր գաղտնի տեղեկությունները` զենքի տեսակի, քանակի, գնման ժամանակահատվածի, գործարքի բնույթի մասին նախաքննական փուլում թե ԱԱԾ-ի, թե դատախազության կողմից բարձրաձայնվել են: «Իսկ եթե ընթացքում կլինեն ոչ հրապարակային տեղեկությունների քննարկումներ, այդ նիստերը կարելի է դռնփակ անել: Սակայն մեր այս փաստարկները չհամոզեցին դատավոր Շահվերդյանին, և նա որոշեց ապահովագրվել` նիստերը դռնփակ անցկացնելու որոշմամբ»,- պարզաբանեց Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ իրենք ինքնաբացարկ են հայտնել դատավոր Շահվերդյանին, բայց վերջինս հիմքերի բացակայության պատրվակով մերժել է այն:

Հարությունյանը ներկայացրեց մեղադրական եզրակացության ևս մի աբսուրդային դրվագ. «Գործի մեջ մի աբսուրդը հաջորդում է մյուսին: Օրինակ մեղադրող կողմը նշում է, որ Դավիո Գալստյանը գործի քննման առարկա հանդիսացող ժամանակահատվածում շատ հաճախակի է զանգահարել ՊՆ պաշտոնյաներին, հետևաբար «նա կարող է նրանց վրա ճնշում գործադրած լիներ»: Մինչդեռ նիստի ժամանակ Գալստյանը բացատրեց, որ այդ ժամանակահատվածում իրականացրել է բազում մատակարարումներ, որոնք բնականաբար պետք է քննարկեր ոլորտի պատասխանատուների հետ: Անտրամաբանական կլիներ, եթե նա զենքի մատակարարումներ իրականացնելով, հեռախոսակապի մեջ լիներ, դիցուք առողջապահության նախարարի հետ»:
Ի դեպ զենքի մատակարարումների մասով... ինչպես մեր հարցին ի պատասխան նշեց փաստաբանը, դրանք Գալստյանի կալանքի մեջ գտնվելու ժամանակահատվածում էականորեն բարդացել են, և իրադրության շարունակականության պարագայում, մատակարարումների գործընթացում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ:

  • Կիսվել: