շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զինծառայողների հիփոթեքային վարկավորման պայմանները փոխվել են. կհատկացվի 2.5 մլն դրամ, նախկին վարկի 10%-ի փոխարեն

Զինծառայողների հիփոթեքային վարկավորման պայմանները փոխվել են. կհատկացվի 2.5 մլն դրամ, նախկին վարկի 10%-ի փոխարեն

Պաշտպանության նախարարությանը հատկացվող միջոցներում վերաբաշխում կկատարվի, և գումարը կուղղվի զինծառայողների արտոնյալ ու երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով պետական սուբսիդավորումների ֆինանսավորմանը: Վերաբաշխում կատարելու ենթակա գումարը 760 միլիոն դրամ է, այն կատարվելու է 2023 թվականի ՊՆ-ի խնայողությունների հաշվին: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ դեկտեմբերի 7-ի նիստին ներկայացրեց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:

Նախարարը հիշեցրեց՝ 2023-ին առաջարկվել էր պետության կողմից վարկի կանխավճարը սահմանել հաստատուն թվով՝ 2,5 միլիոն դրամ, իսկ նախկինում վարկի 10 տոկոսի չափով էր: Վարկի տոկոսների սուբսիդավորումը սահմանվել էր 5 տոկոսի չափով, իսկ նախկինում 3 տոկոսի չափով էր:

«Կառավարության որոշմամբ սահմանված է տարեկան 500 զինծառայողի ծրագրից օգտվել, բայց որպես օրինակ նշեմ, որ հայտ ներկայացրած 1111 զինծառայողներին Կառավարության որոշմամբ այդ հնարավորությունը ընձեռել ենք»,- ասաց Պապիկյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ Կառավարությունը որոշում էր կայացրել հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու պարագայում աջակցություն ցուցաբերել զինվորականներին: Ըստ այդմ՝ զինծառայողները դիմում էին նախարարություն, և բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում տեղի էր ունենում բնակարան ձեռք բերելու վիճակահանություն: Բայց արդեն երկրորդ տարին է, ինչ վիճակահանության հատվածը չի կատարվում, բոլոր զինծառայողների ներկայացրած հայտերը բավարարվում են:

«Երկու փոփոխություն ենք արել. նախկինում կանխավճարի մասով կապում էինք դա բնակարանի արժեքի հետ, վարկերի չափի հետ, հիմա տալիս ենք ֆիքսված գումար՝ 2,5 միլիոն դրամ: Նախկինում մենք սուբսիդավորում էինք 3 տոկոսը, հիմա սուբսիդավորում ենք 5 տոկոսը»,- ասաց Փաշինյանը:

Ըստ Պապիկյանի՝ 2020 թվականին այս ծրագրով բնակարան է ձեռք բերել 223 զինծառայող, 2021-ին՝ 249, 2022-ին՝ 558 զինծառայող: Այս պահին ծրագրից օգտվել է շուրջ 1030 զինծառայող, որի մեջ չի մտնում 2023 թվականը:

Նիկոլ Փաշինյանը փաստեց՝ եթե տեմպը ապահովվի, ապա կարելի է ասել, որ զինծառայողների բնակարանների ապահովության հարցը ոչ միայն լուծվել է, այլև մեխանիզմ է դրվել ապագայի համար:

  • Կիսվել: