չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՊԲ հրամանատարը հմուտ գործողություններ է իրականացնում՝ կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի համապատասխան գործողությունները. Սեյրան Օհանյան

ՊԲ հրամանատարը հմուտ գործողություններ է իրականացնում՝ կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի համապատասխան գործողությունները. Սեյրան Օհանյան

Այսօր ոչ միայն հայության, այլև միջաազգային հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում Արցախը և այդտեղ տիրող այն գործողությունները, որոնք սադրել են Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ-ն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ իր համար մեծ պատիվ է այսօր Արցախի իշխանությունների պլանի համաձայն ներկա գտնվել այս հանդիպմանը ու ներկայացնել այն իրավիճակը, որ տիրում է Արցախում, մարտական գործողությունների թատերաբեմում։

«Արցախում են այսօր Արցախի  բոլոր նախագահները, ինձ համար մեծ պատիվ է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կոչով, նաև մեր պարտքով գտնվել Արցախում»,- հավելեց նախարարը։

Նա նաև նշեց, որ այսօր Արցախում է ողջ հայությունը՝ Մայր Հայաստանը, Սփյուռքը. «Յուրաքանչյուր գիտակից մարդ այսօր Արցախի կողքին է»։

Սեյրան Օհանյանի խոսքով, նախկին պաշտպանության նախարարներով հանդիպել են Արցախի նախագահի հետ, այցելել են Պաշտպանության բանակի շտաբ՝ հրամանատար Ջալալ Հարությունյանի ղեկավարման կետ, ծանոթացել գործողությունների պլանին։

«Կարող եմ ասել, որ ՊԲ հրամանատարը և նրա շտաբը հմուտ գործողություններ է իրականացնում՝ կանխարգելելու Ադրբեջանի և Թուրքիայի համապատասխան գործողությունները։ Ծանոթանալով նրա կողմից կատարվող աշխատանքներին, մենք եկել ենք այն եզրակացության, որ Արցախի ՊԲ հրամանատարն իր ենթակաների հետ միասին հմտությամբ ղեկավարում է մարտական գործողությունները։ Մենք համոզվեցինք, որ նրա ղեկավարման կետում բան չունենք անելու և մեր աջակցությունը հնարավորության սահմանում ցուցաբերում ենք Արցախի ժողովրդին»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի Զինված ուժերը, Թուրքիայի համապատասխան սպառազինության և անձնակազմի մասնակցությամբ, հերթական անգամ օգտագործելով խաղաղ պայմանները, սադրիչ գործողություններ են նախատեսել և սեպտեմբերի 27-ին, օգտագործելով իրենց զինանոցի ողջ կազմը, կատարելով համապատասխան խոցման և ազդեցության միջոցառումներ անցել են հարձակման իրենց մոտոհրաձգային, հրաձգային ու տանկային ստորաբաժանումներով՝ դա անելով մի քանի ուղղություններով:

«Թշնամու հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել մոտ 10-15 կմ Արցախի ՊԲ-ի խորություն, այնուհետև պարտադրանքի լեզվով խոսել Արցախի և ՀՀ ղեկավարության հետ հետ։

Ըստ էության, նրանք հերթական անգամ խախտել են մեր պայմանավորվածություները ուժի չկիրառման հարցում: Այնուհետև հանդիպելով ՊԲ հմուտ գործողություններով պայմանավորված դիմադրությանը, ստանալով հսկայական ծավալի խոցումներ՝ անձնակազմի, սպառազիության, ռազմական տեխնիկայի, օդուժի, անօդաչու թռչող սարքերի, չեն կարողացել իրենց նպատակներին հասնել: Այդ ամենը տեղի է ունեցել ՊԲ-ի և՛ հրամանատարական կազմի, և՛ զինծառայողների քաջարի, հերոսական գործողությունների շնորհիվ: Կարելի է ասել մարտական գործողությունների ընթացքում այսօր դիրքային պատերազմ է»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարն իր շնորհակալությունը հայտնեց զինծառայողներին, որոնց հմուտ գործողություններով, հերոսական պայքարով կարողանում են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը։

«Մեր զինծառայողները կարողանում են հմուտ գործողություններով խոցել Ադրբեջանի օդուժը, անօդաչու թռչող սարքերը, ՊԲ զինծառայողը մեկ ժամվա հակատանկային գործողություններով հակառակորդի շուրջ 7-8 թշնամու զրահատեխնիկա է խոցում, հրետանավորները դիպուկ հնարքներով խոցում են նրանց ստորաբաժանումները, մերձամարտի մեջ են մտնում ու ոչնչացնում հակառակորդին»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Այնուհետև նա նշեց՝ այս պատերազմը մենք չենք սկսել, այս պատերազմը մեզ պարտադրել է Ադրբեջանը: «Մեր պատերազմն արդարացի է, իսկ արդարացի պատերազմների ժամանակ բոլորը հաղթանակներ են կրում»,- ասաց Սեյրան Օհանյանը։

 

  • Կիսվել: