երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Պատգամավորն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը ներկայիս 27-ի փոխարեն դարձնել 37 տարի

Պատգամավորն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը ներկայիս 27-ի փոխարեն դարձնել 37 տարի

Առաջարկվող փոփոխությունների մի մասը խստացնող է, գալիս են բարդացնելու և սահմանափակելու ծառայությունից խուսափելու առկա ճանապարհները: Մյուս մասը խրախուսող է՝ գալիս են բարձրացնելու ծառայության գրավչությունը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով զինծառայության համակարգի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը:

Խստացնող կարգավորումներն են

1. Կառավարության գործող որոշումներում կատարել փոփոխություններ, և որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության:

2. Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարին:

3. Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ: Սա այն գումարն է, որը գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները այսօր էլ կարողանում են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից:

4. Քրեականացնել Քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածների հատկանիշներով քննվող քրեական վարույթների շրջանակում նշանակված փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը կամ խուսափելը, կամ հետազոտության համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը:

Խրախուսող կարգավորումներն են

1. Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող լրացուցիչ ֆինանսական միջոցների մի մասը ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողներին դրամական ապահովության չափերի բարձրացմանը:

Ներկայումս շարքային զինվորական կոչում ունեցող ժամկետային զինծառայողները ստանում են ամսական 3400 դրամ դրամական ապահովում:

2. Կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին: Գործող օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն 27 տարին լրացածները և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք:

Պատգամավորն առաջարկում է, որ նման հնարավորություն տրվի նաև 18 տարին լրացածներին:

Ժամկետային զինծռայողները կունենան ընտրության հնարավորություն՝

1. ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն,

2. ծառայել 6 ամիս և պետական բյուջե վճարել 15 մլն դրամ,

3. ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 մլն դրամ:

3. Վերջին խրախուսող կետը՝ խրախուսել արական սեռի անձանց ստանալ ՀՀ քաղաքացիություն մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը լրանալը՝ տալով հնարավորություն ծառայել կրճատված ժամկետով կամ ծառայությունն անցնելու փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել սահմանված գումար:

 

  • Կիսվել: