ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Փաշինյանը հայտարարել է, որ ներկայում Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում 6-7 երկրից

Փաշինյանը հայտարարել է, որ ներկայում Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում 6-7 երկրից

Հայաստանը ներկայում սպառազինություն է ձեռք բերում 6-7 երկրից։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն անդրադարձել է մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված զորահանդեսին՝ նշելով, որ այնտեղ ներկայացվելու են ժամանակակից օտարերկրյա արտադրության զինատեսակներ։

«Զորահանդեսին ներկայացնելու ենք ժամանակակից օտարերկրյա արտադրության զենքեր։ Շատ կարևոր է, որ զենքի ձեռքբերման աղբյուրները դիվերսիֆիկացրել ենք»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում ոչ թե երկու-երեք, այլ 6-7 երկրից։

«Մենք երկու-երեք երկրից չէ, որ զենք ենք ձեռք բերում։ Մենք 6-7 երկրից զենք ենք ձեռք բերում։ Սա կարևոր է, որ մենք ունենանք ընտրություն»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը հայտարարել է, որ զորահանդեսին ներկայացվելու է նաև Հայաստանում արտադրված ժամանակակից սպառազինություն։

«Ամենակարևորը՝ նաև ժամանակակից սպառազինություն է լինելու որոշակի չափի, որն արտադրված է Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է նա։

Երևանի Հանրապետության հրապարակում Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, տեղի կունենա զորահանդես, որի ժամանակ կցուցադրվի վերջին 4 տարիներին Հայաստանի զինված ուժերի ձեռք բերած սպառազինությունը։

Մինչև 2022 թվականը Հայաստանի սպառազինության հիմնական մատակարար երկիրը Ռուսաստանն էր, սակայն 2022 թվականից Հայաստանի իշխանությունները դիվերսիֆիկացրել են սպառազինության ձեռքբերման շուկաները։ Մանսավորապես, վերջին տարիներին սպառազինություն է ձեռք բերվել Հնդկաստանից, ինչի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել հնդկական մամուլում, ինչպես նաև Ֆրանսիայից, որի վերաբերյալ Հայաստանն ու Ֆրանսիան 2023-2024 թվականներին ստորագրել են մի շարք պայմանագրեր։  

 

  • Կիսվել: