երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Որքան գերեվարված անձն ավելի մեծ արժեք է ներկայացնում հետագա գործընթացների տեսանկյունից, այնքան Ադրբեջանը ձգձգում է նրանց հայրենադարձումը. Սիրանուշ Սահակյան

Որքան գերեվարված անձն ավելի մեծ արժեք է ներկայացնում հետագա գործընթացների տեսանկյունից, այնքան Ադրբեջանը ձգձգում է նրանց հայրենադարձումը. Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանի Սաբունչիի շրջանային դատարանում շարունակվում է Հայաստանի քաղաքացիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի քրեական գործով նիստը։ Երկու հայ գերիների հետ գերեվարվել էին ևս չորս զինծառայողներ, որոնց անցյալ տարի հանձնել էին հայկական կողմին՝ Հայաստանի կողմից Աղդամի շրջանում ականների քարտեզներ տրամադրելու դիմաց։

Zarkerak.am-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան Սիրանուշ Սահակյանը հիշեցրեց, որ միջադեպը տեղի էր ունեցել 2021 թ-ի մայիսին:

«Որքան անձն ավելի արժեք է ներկայացնում հետագա գործընթացների տեսանկյունից, այնքան ձգձգում են նրանց հայրենադարձումը: Բնականաբար, խտրական և չհիմնավորված է մոտեցումը գերիների նկատմամբ, և հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով են ընտրում՝ ում վերադարձնել, ում՝ ոչ: Եթե հնարավոր է եղել նույն խմբի 4 անձանց հայրենադարձել՝ նշանակում է, որ  Ադրբեջանը նրանց պահելու հիմքեր չունի և արհեստականորեն՝ դատավորությունների միջոցով ստեղծում են հիմքեր ցուցադրելու համար, որ նրանք քրեորեն դատապարտելի արարաքներ են կատարել և ներկայումս բերվել են արդարադատության առջև: Հենց այս հանգամանքն է կանխում արագ հայրենադարձումը»:

Նա ընդգծեց, որ մեղադրանքում բավական լուրջ խնդիրներ կան, քան որպես ապացույց 1-2 զննության արձանագրություն ներկայացնելը: «Ըստ պաշտոնական վարկածի՝ նրանք ապօրինի են հատել պետական սահմանը և իրականացրել են ականապատման աշխատանքներ: Ադրբեջանը նրանց ներկայացնում է, որպես ՊՆ հատուկ հետախուզական զորամասի խմբավորման հրամանատար և սակրավոր: Մեղադրանքները վերաբերում են ահաբեկչությանը, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելուն և սադրանքին, ինչն անհիմն է: Կարող ենք արձանագրել, որ այս երկու գերիների պաշտպանությամբ զբաղում է  Ադրբեջանի հանրային պաշտպանի գրասենյակը, որը հայերի առնչությամբ չի կարող արդյունավետ գործել, բացի այդ՝ կան բազմաթիվ  զեկույցներ, որ այդ գրասենյակը ճնշումների է ենթարկվում և անկախության չափանիշներին չի բավարարում, իսկ միջազգային գործընթացներում խնդիրը ներկայացված է միջպետական գանգատի շրջանակներում և դրա քննարկումը, բնականաբար, ժամանակ է  պահանջելու»:

Սահակյանը տեղեկացրեց նաև, որ խնդիրը միջպետական բնույթ  է ստացել միաջազգային իրավական ատյաններում: «Պետությունը պետք է միջպետական գանգատի շրջանակներում հետևողական լինի, որ բարձրացվեն ապօրինի դատապարտմանն առնչվող հարցեր, արագացվեն ընթացող միջազգային գործընթացները և հնարավորինս սեղմ ժամկետներում լինեն վերջնական դատական ակտեր, որոնցով կպահանջեն այս անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը»:

Փաստաբանն ընդգծեց, որ միջազգային գործընթացը, բնականաբար, ազդեցություն է ունենում  գերիների վերադարձի վրա, նույն հրապարակային գործընթացներում փաստարկներ են ներկայացվում, որը կարող է կաշկանդել Ադրբեջանի իշխանություններին: «Դրա վառ օրինակն այն է, որ ՄԱԿ-ում ընթացող բանավոր լսումների ընթացքում փաստացիորեն տեղի ունեցավ հայրենադարձում, բայց, բնականաբար, Հայաստանի կողմից պահանջվող միջոցը՝ անհապաղ ազատ արձակել գերիներին՝ չբավարարվեց, ինչը նշանակում է, որ մինչև վերջնական դատական ակտի կայացումը  Ադրբեջանի իշխանությունները քաղաքական մանիպուլիացիաների լայն հնարավորություններ ունեն և այդ մանիպուլիացիաներից էլ օգտվում են»:

Հարցին, թե արդյոք  միջազգային իրավական գործընթացների պասիվությունն է պատճառը, որ այս փուլում չենք տեսնում գերիների վերադարձ՝ նա ընդգծեց, որ պատճառը նաև ակտիվ դիվանագիտական, քաղաքական աշխատանքի պասիվությունն է , որը պայմանավորված էր նախատոնական, տոնական, հետտոնական ժամանակահատվածով:

«Նույն միջազգային կառույցների աշխատակիցներն էլ վերադառնում են և առավել հրատապ խնդիրների լուծման աշխատանքին են ձեռնամուխ լինում: Կարծում եմ, բացի իրավական ու քաղաքական գործընթացների պասիվությունից՝ ադրբեջանական կողմը քաջ գիտակցում է, որ անհապաղ միջոցների շրջանակում, այսինքն, իրավական շրջանակներում հայկական կողմը չի կարող այս հարցը լուծել: Վերջնական լուծման համար անհրաժեշտ են տարիներ, և այս տարիների ընթացքում իրենք հայեցողություն ունեն քաղաքական ճանապարհով ձգձգել խնդրի լուծումը»:

  • Կիսվել: