կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ո՞նց կարելի էր երկու տարում երեք ԳՇ պետ փոխել, ԳՇ պետը ձեզ համար խաղալի՞ք է. Սարգսյան

Ո՞նց կարելի էր երկու տարում երեք ԳՇ պետ փոխել, ԳՇ պետը ձեզ համար խաղալի՞ք է. Սարգսյան

Ո՞նց կարելի էր վերցնել ու երկու տարում երեք ԳՇ պետ փոխել: Արա՛, ԳՇ պետը ձեզ համար խաղալի՞ք է: Դրանցից որևէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե ինչպիսի գործառույթներ ունի ԳՇ պետը, ինչպիսի փորձառություն պետք է լինի: Այս մասին Արմնյուզին տված հարցազրույցում, անդրադառնալով ներկայիս իշխանությունների կատարած փոփոխություններին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

՛՛Ինչպե՞ս կարելի էր ՊԲ երեք հրամանատար փոխել: Լևոն Մնացականյանը, որ երկու պատերազմի փորձ ուներ, ինչպես կարելի էր նրան փոխել միայն այն պատճառով, որ նախկին էր: Այսինքն, պրոֆեսինալներին փոխել հարմարվողներո՞վ:

Ինը պաշտպանական շրջանների հրամանատարներին փոխել էին, ընդ որում որոշ դեպքերում՝ 2-3 անգամ: Բոլոր կենտրոնական ենթակայության զորամասերի հրամանատարներին բացառությամբ մեկի, փոխել էին: Ինչո՞ւ էին փոխել: Որ մենք դավադրություն չանեի՞նք: Մենք ոնց կարող էինք նման բան անել մեր հայրենիքի հանդեպ: Այդ իրենք են ունակ դրան, իսկ մենք նման բան մտածելու առիթ չենք տվել՛՛,-նշեց նա:

Ապա Սարգսյանը հավելեց. ՛՛Այնպիսի հարվածներ հասցրեցին բանակին, հետո էլ փորձում են բանակի վրա գցել: Մարտի դաշտում բանակն էր, բայց այն այլևս չուներ այն հրամանատարները, որը պետք ՝ ունենար, չուներ այն ոգին, որը պետք է ունենար:

Այդ բանակը, ցավոք, մնաց միայնակ՝ ոչ մարդավարի լրահամալրում կազմակերպեցին, ոչ էլ հայաստանյան հատվածի անգամ կեսը մասնակցեց, ապշելու բան է՛՛:

Սարգսյանի խոսքով՝ հայկական բանակի մեծասնությունը չի ներգրավվել այս մարտական գործողություններում:

՛՛Տարօրինա՞կ չէ: Հիմա պետք է հեքիաթներ պատմեն, թե զորքը պետք էր ՀՀ սահմանները պահելու համար: ՀՀ սահմանները պահելու մի քանի ձևեր կային:

Նախ մենք մեր դաշնակցի հետ ունենք 3 պայմանագիր, համաձյան որի նրանք պարտավոր են մասնակցել մեր սահմանների պաշտպանությանը: Ընդ որում, քեզ մեկ ամիս առաջ առաջարկել են զորավարժությունների տեսքով: Համաձայնությունը տայիք։

Ասեիք, որ մեր զորքը տանելու ենք Արցախ, խնդրում ենք, մեր անվտանգությունն ապահովեք: Մենք դիմե՞լ ենք մեր դաշնակցին, չենք դիմել: Բայց այլ տարբերակ էլ կար: Ինչու պահեստազորայիններին, կամավորներին ուղարկեցինք այնտեղ։ Մենք նրանց կարող էինք ուղարկել ՀՀ սահմաններ, կանոնավոր զորքը տանել այնտեղ՛՛-հավելեց Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը կդիմե՞ր ՀԱՊԿ-ին, եթե լիներ երկրի ղեկավարը պատերազմի ժամանակ՝ ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ նախ կխոսեր մեր գլխավոր դաշնակցի հետ՝ ասելով, թե ինչով կարող են օժանդակել. ՛՛Ելնելով դրանից՝ իմ խնդրանքը կձևակերպեի: Ասում են, թե եթե դիմեին, կմերժեին: Այսինքն, դուք տղա-աղջիկ հարաբերություններ եք բերո՞ւմ պետական հարաբերություններում՝ ամուսնության առաջարկով կգնայիր, կմերժեին, դա վիրավորական է:

Մինչև ՀԱՊԿ, մենք ունեինք դաշնակից, ինչո՞ւ չենք դիմել: Եթե ՀԱՊԿ-ը համարում ենք մեր անվտանգությունն ապահովող բաղկացուցիչ մաս, ինչու չէին նրա հանդեպ այդպես վարվում:

Եթե զորավարժությունների ժամանակ քեզ հասկացնում են, որ այսպիսի վտանգ կա, ինչո՞ւ առաջարկություններ չես տվել: Այո, ՀԱՊԿ-ն Արցախի համար պատասխանատու չէ, բայց Հայաստանի համար պատասխանատու է, խնդրեիք Հայաստանի անվտանգությունն ապահովել, իսկ մեր զորքը կզբաղվեր Արցախով՛՛:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ինքը մտադրություն չունի թերագնահատելու կամավորականներին, սակայն հարց է բարձրացնում՝ որն ավելի արդյունավետ կլիներ, եթե նրանք ՀՀ սահմանները պահեին, թե որ գնային Արցախ. ՛՛Նույնը պահեստազորայինները: Ինչո՞ւ չհամալրեցիք ՀՀ զորամասերը, իսկ զորամասերի բուն անձնակազմը չուղարկվեց: Պատասխանն այն է, որ ժողովուրդը թույլ չտվեց: Բա մենք հազարավոր ռազմական ոստիկաններ ունենք: Ոնց է, որ ոստիկանները գնում ու ջարդում են ժողովրդին, ինչպես արեցին Իջևանում: Բա ռազմական դրությունն ինչո՞ւ ես մտցրել: Բա հոխորտում էր, որ իմացեք փայլուն գիտի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները՛՛:

Սարգսյանն ասաց նաև, թե չի արդարացնում օնիկ Գասպարյանին, Միքայել Արզումանյանին, սակայն չի էլ կարծում, թե նրանք ներգրավված լինեն ենթադրյալ դավադիր գործողություններում. 

՛՛Ես Օնիկ Գասպարյանին չեմ արդարացնում, սակայն չեմ կարծում, թե նա գլխավոր պատասխանատուն է: Ես չեմ պաշտպանում Գասպարյանին, Միքայել Արզումանյանին, բայց չեմ կարծում, թե նրանք ներգրավված լինեն ենթադրյալ դավադիր գործողությունների մեջ: Բայց որպեսզի նրանք կարողանային իրենց ասածին հետամուտ լինել, առնվազն պետք է ունենային բավականաչափ փորձառություն, որը թույլ կտար ասել վերջ: Խոսքը կառավարումն իրենց ձեռքը վերցնելու մասին չէ՛՛:

Ըստ նրա՝ խոսքն այն մասին է՝ եթե դու համոզված ես, որ այլևս ի վիճակի չես շարունակել մարտական գործողությունները, ինչպես պարտավոր ես, ունենալու ես անդառնալի կորուստներ, գոնե ինչ-որ չափով պետք է հրապարակայնացվի դա:

՛՛Միշտ էլ կարելի է ասել, թե ասաց, արեց, բայց քո պարտականությունները միայն դա չէ։ Նույնիսկ այդքան փոփոխություններից հետո գրագետ սպաներ էին մնացել, նրանց կարծիքը պետք էր հաշվի առնել: Ախր դա ՛՛դմփ-դմփ-հու՛՛ չէ: Թիվ մեկ պատասխանտուն, թիվ մեկ մեղավորը գլխավոր գերագույն հրամանատարն է՛՛,-ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը միայն պատերազմի 5-րդ օրն է կապ հաստատել Արցախի ՊԲ հրամանատարի հետ, իսկ, օրինակ, ինքը Ապրիլյանի ժամանակ հենց առաջին օրն է կապ հաստատել: Դա չի արել կարգադրություններ անելու համար, դա արել է ոգևորելու համար:

  • Կիսվել: