ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տրամաբանության նշույլ անգամ այդտեղ չկա. Սարգսյանը՝ Տավուշից հող չհանձնելու վերաբերյալ իշխանական պնդումների մասին

Տրամաբանության նշույլ անգամ այդտեղ չկա. Սարգսյանը՝ Տավուշից հող չհանձնելու վերաբերյալ իշխանական պնդումների մասին

Այսօր Ջահերով երդից առաջ լրագրողների ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե արդյոք Տավուշում հայրենիքից հողեր հանձնելու դեմ մեկնարկած դիմադրությունը կվերածվի՞ հանրային այնպիսի դիմադրության, որը վերջ կդնի գործող իշխանության զիջումներին:

Ի պատասխան՝ Սարգսյանը նշեց, որ դժվարանում է կանխատեսում անել։

՛՛Ես Տավուշի մասին խոսել եմ։ Բացի խոսելուց, նաև ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունն է հրապարակվել, այնտեղ ամեն ինչ ասված է՛՛,-ասաց նա։

Ինչ վերաբերում է գործող իշխանության հավաստիացումներին, թե իրենք ՀՀ տարածքից զիջումներ չեն անում,  ՀՀ երրորդ նախագահն ասաց. ՛՛Դե, ինչ ուզում են, այն էլ ասում են։ Նրանց ի՞նչ կա՝ այսօր մի բան կասեն, վաղը՝ ուրիշ բան, մյուս օրը՝ բոլորովին այլ բան՛՛:

Նա հավելեց, որ գործող իշխանությունների պնդումներում տրամաբանություն չկա։

՛՛Ես տրամաբանություն չեմ տեսնում։ Տրամաբանության նշույլ անգամ այդտեղ չկա՛՛,-ասաց Սարգսյանը:

  • Կիսվել: