կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մինչ առաքելություն ուղարկելը ՀԱՊԿ-ն պետք է գրանցի Հայաստանի տարածքի օկուպացիան. ՔՊ

Մինչ առաքելություն ուղարկելը ՀԱՊԿ-ն պետք է գրանցի Հայաստանի տարածքի օկուպացիան. ՔՊ

Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը մշակման փուլում է, հայկական կողմը առայժմ չի տեսնում ՀԱՊԿ-ի արձանագրումը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Այս հարցը վերջին անգամ բարձր մակարդակով հրապարակայնորեն քննարկվել է մարտին, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում էր։ Վերահաստատում եմ, որ այդ նախագիծը մշակման փուլում է։

Հայկական կողմը պնդում է, որ նախագիծը պետք է արձանագրի Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, քաղաքական գնահատական տրվի, որից հետո հնարավոր կլինի արդեն խոսել առաքելության տեղակայման մասին, դրա պարամետրերի մասին։ Այսինքն, առաջին հերթին ՀԱՊԿ-ը՝ որպես կառույց, պետք է արձանագրի Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ տեղի ունեցածը, այն է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ տեղի է ունեցել ագրեսիա և օկուպացվել են Հայաստանի տարածքները»,- ասաց Խանդանյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը այս արձանագրումը չի տեսնում, և այն տեսնելուց հետո միայն հնարավոր կլինի խոսել մնացածի մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն օրերս հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առաքելությունը պատրաստ է գալ Հայաստան։

  • Կիսվել: