երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց. Պաշտպանության նախարար

Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց. Պաշտպանության նախարար

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի աշխատանքային այցը ՌԴ: 

Օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի տարածքում բացազատված «Բարեկամության տուն» միջոցառմանը, որտեղ իրենց մշակութային տաղավարներն են ներկայացրել Միջազգային բանակային խաղերի մասնակից պետությունները:

«Կարող եմ ասել, որ «չէ» բառ չեմ լսել այստեղ: Եվ գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ: Մենք պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, մենք պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն, մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց: Դա մեր քաղաքականությունն է: Ավելի լավ է՝ մենք ունենանք քիչ, բայց որակով, և հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է», - ասել է Արշակ Կարապետյանը:

Երկրորդ խնդիրը, որն իր առջև դրել է պաշտպանության նախարարը, Հայաստանում զենքի սեփական արտադրություն ունենալն է: Արշակ Կարապետյանի խոսքով՝ այս հարցում ևս Հայաստանը աջակցություն է ստանում Ռուսաստանից համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով:

«Նորից եմ կրկնում՝ մենք, որպես ազգ, պետք է կարողանանք արտադրել սեփական զենքը», - ընդգծեց պաշտպանության նախարարը:

Երրորդ խնդիրը, որն իր առջև տեսնում է ՊՆ ղեկավարը, հետևյալն է՝ «թույլ չտալ, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների միջև լինեն միջնորդներ՝ հասկանալի պատճառներով»:

«Կարծում եմ՝ այս երեք պայմանները պահպանելու դեպքում անպայման ստանալու ենք նոր, արդիականացված և 21-րդ դարին համահունչ բանակ և կարողանալու ենք դիմակայել հանդեպ առկա վտանգներին», - եզրափակել է Արշակ Կարապետյանը:

Արշակ Կարապետյանը ծանոթացել է հայկական տաղավարում ցուցադրվող պատմամշակութային ցուցանմուշներին, շրջել մասնակից այլ երկրների տաղավարներով:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Պատրիոտ» կենտրոն, որտեղ անցկացվում է «Արմիա 2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսը:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցասրահներով, ծանոթացել ներկայացվող զինատեսակներին:

Պաշտպանության նախարարը նաև աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ։

  • Կիսվել: