ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կառավարությունը 2018-ից մինչև 44-օրյա պատերազմը սպառազինության ձեռքբերման համար ծախսել է 608 մլրդ դրամ

Կառավարությունը 2018-ից մինչև 44-օրյա պատերազմը սպառազինության ձեռքբերման համար ծախսել է 608 մլրդ դրամ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ներկայիս կառավարությունը մինչև 2020-ի 44-օրյա պատերազմի մեկնարկը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է 608 մլրդ դրամ և հավելում, որ 2008-ից մինչև 2018-ի մայիս այդ նպատակի համար իրականացվել է 354 մլրդ դրամի ձեռքբերում:

Փաշինյանն այս մասին ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում:

Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարության ուշադրության կենտրոնում է եղել բանակի արդիականացման թեման՝ ոչ այն պատճառով, որ ի սկզբանե պատերազմը համարել է անխուսափելի, այլ այն պատճառով, որ բանակի մարտունակության բարձրացումը կարող էր էականորեն բարելավել Հայաստանի բանակցային դիրքերը: Նա հիշեցրեց՝ 2018-2020թթ կայացվել են բանակի մարտունակության բարձրացման համար էական  որոշումներ, էականորեն բարձրացվել է զինվորականների աշխատավարձը, սպառազինության և ռազմական տեխնիկայի խոշոր գնումներ են իրականացվել:

«2018-2020 թթ 44-օրյա պատերազմի մեկնարկը, այսինքն՝ 2 տարի 4 ամսում, Հայաստանի կառավարությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է շուրջ 608 մլրդ դրամ: Համեմատության համար ասեմ, որ 2008թ հունվարի 1-ից մինչև 2018 թվականի մայիսը, այսինքն՝ 10 տարի 4 ամսում, Հայաստանի նախորդ կառավարություններն այդ նպատակի համար ծախսել են 354 մլրդ դրամ: Այսինքն՝ մենք 2 տարում իրականացրել ենք 10 տարվա ձեռքբերումների գրեթե կրկնակին»,-ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ որևէ մեկը չի կարող ասել, որ 2018-ին իր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո բանակում որևէ բան չի արվել այն պատճառով, որ կառավարությունն ասել է՝ փող չկա: Փաշինյանն ամենամեծ ապացույցը համարեց ՍՈՒ-30-ների ձեռքբերումը: «Ես ասել եմ՝ ինչ պետք է բանակին, մենք դա կապահովենք, և ձեր խնդիրը չէ, թե ոնց»,-նշեց նա:

  • Կիսվել: