չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Սուրեն Պապիկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Սուրեն Պապիկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Ես այս առումով ավելի կտրուկ միջոցների կողմնակից եմ, բայց այս փուլում ողջունում եմ նախագիծը որպես սկիզբ. Սա դրական է ազդելու զինված ուժերի վրա թե բարեվարքության տեսանկյունից, թե միջանցնային հարաբերությունների մասով, այդ թվում նաեւ որոշակի առումով նոր մրցակցության դաշտի հնարավորություններ է բացելու: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտնգության հարցերի հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պաշտպանության մասին»  օրենքներում փոփոխությունների վերաբերյալ փաթեթի քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

Հիշեցնենք, փաթեթը հնարավորություն է տալիս կանանց 6 ամսով պարտադիր զինծառայություն անցնել բանակում:

«Ես ինչքան գնացել եմ կրակային, նկատել եմ, որ շատ դեպքերում կանայք շատ ավելի լավ են կրակում: Դա վիճակագրություն է, իմ կարծիքը չէ: Կոչ եմ անում իմ գործընկերներին կողմ քվեարկել նախագծին»,-ասաց Գաբրիելյանը:

Հանձնաժողովի նխագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց. «Իսկ ճշտե՞լ եք՝ կանայք ինչու են լավ կրակում»:

Վիլեն Գաբրիելյանը չուներ այդ հարցի պատասխանը. «Չեմ ճշտել, բայց շատ հետաքրքիր թեմա է, կարող ենք իրար հետ հետաքրքրվել»,-ասաց նա:

Փոխարենը պատասխան ուներ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը. «Կրծքավանդակով եւ փորով շնչելու մեջ է տարբերությունը»:

Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց. «Տեսա՞ր, պարոն նախարարը փրկեց քեզ, պարոն Գաբրիելյան»:

Նշենք, որ այս փաթեթը նախատեսում է Հայաստանում ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ:

«Հայաստանի քաղաքացի իգական սեռի այն ներկայացուցիչները, որոնց  տարիքային շեմը 18-27 է, իրենց ցանկությամբ, կամավոր եթե ուզում են վեցամյսա զինծառայության անցել Հայաստանի Զինված ուժերում, դիմում են ներկայացնում  մոտակա զինվորական կոմիսարիատ, սկսվում է  նրանց հաշվառման պրոցեսը, առողջության ստուգումը, այսինքն անցնում են  այն ստանդարտ պրոցեդուրաներով, որով անցնում է  զորակոչիկը։ Այն օրը, երբ մեկնարկում է զորակոչը, մինչ այդ օրը բոլոր պրոցեդուրաներն անցնելուց, հաստատվելուց հետո  կարող է միտքը փոխել, բայց այն օրվանից, երբ համարվում է զինծառայող, այդ օրվանից ծառայությունն այլևս դառնում է պարտադիր»,- մանրամասնել է Պապիկյանը։

Նրա խոսքով, վեց ամսյա ծառայությունը հիմք է հանդիսանում, որ հաշվառումից հետո նրանք հանդիսանան լիիրավ և հավասարազոր պահեստազոր։ Իսկ զինծառայության ավարտից հետո նրանք կստանան մեկ մլն դրամ պատվովճար:

  • Կիսվել: