չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է միջազգային համաժողովի

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է միջազգային համաժողովի

Դեկտեմբերի 8-9-ը ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Զինված ուժերում բարեվարքության կերտման դերը ժողովրդավարական արժեքների պաշտպանության և հասարակական ու ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդման գործում» խորագրով միջազգային համաժողովին։

Համաժողովին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանական գերատեսչություններում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու կառույցների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների և առաջատար փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչներ։

Ներկայացվել ու քննարկվել են տարբեր երկրների զինված ուժերում բարեվարքության ամրապնդման լավագույն փորձը, առկա խնդիրները և դրանց լուծման համակարգային մոտեցումները։

Բրյուսելում ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի բարեվարքության կերտման ծրագրի ղեկավարության հետ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրերի ակտիվացման ուղղությամբ, վերահաստատվել է հաջորդ տարվա միջոցառումների ցանկը։

ՊՆ գլխավոր քարտուղարը ծրագրի ղեկավարությանը և փորձագետներին հրավիրել է Հայաստան՝ անձնակազմի կառավարման, ֆինանսական պլանավորման, աուդիտի և գնումների համակարգի ռիսկային հարցերի վերհանման և դրանց չեզոքացման համալիր գործողությունների մշակման վերաբերյալ տեղում անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու նպատակով։

  • Կիսվել: