հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ-ն զորավարժությունների չեղարկման մասին ՀԱՊԿ-ին հայտնել է հունվարի 5-ին. ՊՆ խոսնակ

ՀՀ-ն զորավարժությունների չեղարկման մասին ՀԱՊԿ-ին հայտնել է հունվարի 5-ին. ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարությունը հունվարի 5-ին է տեղեկացրել ՀԱՊԿ Միացյալ շտաբին՝ Հայաստանում ծրագրված զորավարժությունները աննպատակահարմար համարելու մասին։ Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կբացատի ՀԱՊԿ-ի այսօրվա հայտարարությունը, թե Երևանից պաշտոնական ծանուցում չեն ստացել զորավարժությունները չեղարկելու մասին, մինչդեռ երեկ վարչապետն ասել էր, որ ծանուցումն արդեն ուղարկվել է:

Թորոսյանը նշել է. ՛՛Ինչպես հայտնեց վարչապետը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ՛՛Անքակտելի եղբայրություն-2023՛՛ զորավարժության անցկացումը Հայաստանում համարել է ոչ նպատակահարմար և այդ մասին հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին՛՛:

Նրա խոսքով՝ երեկ՝ հունվարի 10-ին, ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ Միացյալ Շտաբը ստացել է ՀՀ ՊՆ պաշտոնական գրությունը և դիտարկում է զորավարժությունը ՀԱՊԿ այլ անդամ պետության տարածքում անցկացնելու հարցը:

  • Կիսվել: